Լարիջանին Միրզոյանին հրավիրել է Իրան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ին Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջեւ եղբայրական են, ինչի նշանն էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացում կապրի նաեւ խորհրդարանական մակարդակում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը: 

Աղբյուրը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայք