ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին դատապարտել ատելության խոսքը․ հայտարարություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից հայտարարություն է տարածվել, որը կոչ է անում Հայաստանում բոլորին, ովքեր հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում  տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին  հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:

ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող  անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում։