Խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել․ ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը։

«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով: Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը: Հետևաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը և նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին:

Խտրականության դեմ և հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ և այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարությունում։

Երեկ հայտարարություն էին տարածել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները։

Մեկնաբանել