Արամ Մանուկյանի տան քանդման փաստթի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արամի 9 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստթի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես հաղորդում են դատախազության հանրային կապերի բաժնից՝ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող՝ Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:

Դատախազությունը հայտնում է՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:

«Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում:

Արամի 9 հասցեում է գտնվում Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Արամի 9 հասցեում գտնվող հուշարձան շենքում 1917-1919թթ․ է բնակվել նաև Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում։

Երևանում ներկայում ցուցակով 976 պատմամշակութային հուշարձան կա: Ցուցակի բազմաթիվ շենքեր այսօր չկան։ ՍիվիլՆեթը 2014-ին գնացել էր այդ շենքերի հետքերով:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել