Խոսքը 2,857 միլիարդ դրամի չարաշահման մասին է․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պատասխանել է ՍիվիլՆեթի հարցերին՝ Արցախի ներդրումային հիմնադրամի՝ իր բարձրաձայնած չարաշահումների մասին։ 

– Պարոն Խանումյան, Դուք բարձրաձայնել եք Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Մաղավուզի հանքի հետ կապված չարաշահումների մասին։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը։

– Խոսքը 2,857 միլիարդ դրամի մասին է, որը ծախսել է Արցախի ներդրումային հիմնադրամը «Էներգիա պլյուս» ընկերությունը գնելու համար: «Էներգիա պլյուսը» հիմնադրել է Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանին պատկանող «Հասա գրուպ» ՍՊԸ-ն: Արցախի ներդրումային հիմնադրամին վաճառվելուց օրեր առաջ «Էներգիա պլյուսին» միացել է «Էներգիա մինուս» ընկերությունը, որի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Բախտամյանն էր: Արցախի ներդրումային հիմնադրամը ստեղծվել է Արցախի կառավարության կողմից, ամեն տարի պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են ուղղվում հիմնադրամին:

– Դուք նշում եք Գագիկ Բախտամյանի անունը, որը, ըստ Ձեզ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դասընկերն է։ Դրանով արդյոք ակնարկո՞ւմ եք այդ չարաշահումներում Արայիկ Հարությունյանի հնարավոր ներգրավվածությունը։

– Արայիկ Հարությունյանն այսպես, թե այնպես ներգրավված է այս չարաշահումներին, քանզի գործարքի ժամանակ եղել է որոշում ընդունող՝ որպես գործող վարչապետ եղել է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Բայց ես հիմնավոր կասակածներ ունեմ, որ Գագիկ Բախտամյանի անվան տակ թաքնվում է հենց Արցախի նախկին վարչապետը:

– Դուք այս հարցը բարձրացրել եք նաև Ազգային ժողովում, ինչպես նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի առջև։ Կառավարությունում կա՞ արդյոք որևէ ներքին գործընթաց՝ պարզելու այդ գործարքի շուրջ ձեր բարձրացրած խնդիրները։

– Այո, ես հարցն ուղիղ տվել եմ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Չեմ կարծում, որ կառավարությունում հարցի շուրջ ներքին գործընթաց կա: Այդ հարցի նորմալ քննությունը և գումարների հետ բերումը Արցախի գործող իշխանությունների պայմաններում անհնարին եմ համարում:

– Արցախի իրավապահ մարմիններն արձագանքե՞լ են Ձեր հայտարարությանը։ Պատրաստվո՞ւմ եք դիմել դատախազությանը, թե ոչ։

– Դատախազությունն ամենաանգործունակ կառույցն է Արցախում, հացագործությունների գլխավոր պարտակողը: Հետևաբար անիմաստ եմ համարում նրանց դիմելը: Բնականաբար, իմ հայտարարություններին Արցախի իրավապահ մարմինները չեն արձագանքել:

Մարիա Եղիազարյան

Կարդացե՛ք նաև՝

Արցախի իշխանությունները գործել են հօգուտ Սերժ Սարգսյանի փեսայի շահերի. Հայկ Խանումյան