Հակոբ Արշակյանը հանդիպել է Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։

Արշակյանը նշել է, որ Ժնևում հանդիպել է Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։

Մանրամասները՝ ստորև․

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։

  • Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,
  • Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։

Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

  • Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը։

Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի ինչպես հայաստանյան եւ հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի եւ կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաեւ աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։

Գուգլի կողմից ակընկալում ենք ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Գուգլի եւ Յություբի ծառայություններից։
Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։

Բացի տվյալ խնդիրներից, գոյություն ունեն նաեւ Գուգլի հետ կապված այլ խնդիրներ։ Այսպիսով, Google Maps օգտվում է հին սովետական սահմաններից եւ մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում եւ հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի անկլավներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։ Օրինակ, Երեւանից Գորիս ճանապարհը Գուգլի նավիգացիայով չի աշխատում հստակ, քանի որ այն փորձում է շրջանցել իբր ադրբեջանական տարածք։ Այս հարցերը առաջացնում են լուրջ խնդիրներ տուրիստների համար։

Նշված և այլ հարցերով պայմանավորվեցինք երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն հարցերի լուծման ուղղությամբ։

Մեկնաբանել