Նիկոլ Փաշինյանը` Ստրասբուրգում. հանդիպումներ և ելույթ ԵԽԽՎ-ում․ LIVE BLOG

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ։ Այսօր՝ ապրիլի 11-ին, նա մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է գալիս ելույթով։ Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես բացում են «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

14։55

Փաշինյան․ Ինչպես կարող է մարդը օկուպացնել տարածքը, որտեղ ծնվել է ինքը, իր հայրերը, պապերը։ Մեր առաջարկն է նստել սեղանի շուրջ ու քննարկել բոլոր կողմերն ու նրբությունները։

14։50

Փաշինյան․ Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը մեր գործընկերներին ու հանրությանը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Ուրախ եմ, որ Իլհամ Ալիևի հետ բավական ուղիղ և կառուցողական խոսակցություն ծավալել։ Դեռ ընդհանուր պատկերացումներ չունենք մեխանիզմների վերաբերյալ։ Կա կարևորագույն մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանենք, որոնցից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է ԼՂ ներկայացուցիչների ներգրավում գործընթացում։ ԼՂ-ի ներկայացուցիչները ըստ էության միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եղել են Ղարաբաղի առաջնորդներից։ Այսօր մեր խնդիրն է, որ այսօր Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև երկխոսությունը չընդհատվի։

14։47

Փաշինյան․ Կոռուպցիայի դեմ լավագույնս կարող եմ պայքարել՝ ինքս չներգրավվելով կոռուպցիայում։ Այսօր թափանցիկությունը կարևորագույն ինստիտուտներից է Հայաստանում։ Ընդամենը 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավորներից մեկի նկատմամբ։

14։36

Փաշինյան․ Ես ամեն անգամ ընդգծում եմ, որ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն։ Մեր հեղափոխության մեջ որևէ արտաքին քաղաքական ուժ ներգրավված չի եղել։ Մեզ համար ազգային արժանապատվության խնդիր և ինձ համար անձնական արժանապատվության խնդիր է։ Ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ հեղափոխությունը որևէ երկրի կամ կազմակերպության դեմ չէ։ Այն հանուն երջանիկ ապագայի է։ ՌԴ-ի հետ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և ամեն ինչ անելու ենք դրանք զարգացնելու համար։ Անդամ ենք ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ու ամեն ինչ անելու ենք այդ կառույցների հետ հարաբերությունները զարգացնելու համար։

14։32

Հարց Իրանի հետ հարաբերությունների մասին՝ Եվրոպայի հետ հարաբերությունների համատեքստում

Փաշինյան․ Եվրոպացի մեր գործընկերները հասկանում են մեր հարաբերությունների կարևորությունը Իրանի հետ։ Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք բարդ վիճակում ենք, երբ կողմեր են մեր բարեկամները։ Մեր հույսը և կոչը այն է, որ քաղաքական հակասությունները լուծվեն երկխոսության տրամաբանությամբ։

14։28

Հարց դատական համակարգի մասին

Փաշինյան․ Հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել։ Ունենալ 100 տոկոսով անկախ դատական համակարգ մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է։ Անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ։ Առանց դրա մենք չենք կարող երաշխավորել վերջնականորեն մեր ժողովրդավարության շարունակական ուժեղացումը։ Այսօր չեմ կարող 100 տոկոսով երաշխիք տալ, որ այսօր ունենք նման համակարգ, բայց դադարեցրել ենք պրակտիկան, երբ այդ համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից։ Մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին։

14։26

Հարց բացի Ադրբեջանից մյուս հարևանների հետ հարաբերությունների մասին

Փաշինյան․ Ունենք հաևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են։ Այդ երկրներն են Վրաստանն ու Իրանը։

Ցավոք, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըստ էության հարաբերություններ չունենք։ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերություններով։

Ադրբեջանի և մյուսների հետ հարաբերությունները պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում։

14։20

Փաշինյան․ ԼՂ հարցով պետք է բացառապես զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա չի նշանակում, որ ԵԽ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անելիք չունի։ Եթե ԼՂ-ն ճանաչված չէ միջազգայնորեն, մի՞թե դա նշանակում է, որ ԵԽ-ի համար առաջնայինը փաստաթուղթն է, այլ ոչ թե մարդը։ Աջակցեք ԼՂ ժողովրդին կատարելագործելու օրենքներն ու ինստիտուտները։ Դրանից շահելու է մարդը, իսկ դա ավելին է, քան փաստաթուղթը։

14։17

Փաշինյան․ ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է պատերազմ հրահրելու համար։

14։15

Փաշինյան․ ԼՂ հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ տարածաշրջանի համար։ Հայաստանը հանձնառու է խաղաղ կարգավորմանը։ Կարևոր է, որ Ալիևի հետ դրական և կառուցողական երկխոսություն ենք սկսել։ Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև։ Պիտի փորձենք գտնել պատճառները, որոնք թույլ չեն տալիս մեզ լինել միմյանց համար հասկանալի։ Լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար։ Ցավոք նման խոսքեր չենք լսում Ադրբեջանից։ Հուսով եմ՝ այս ուղերձը համարժեք արձագանք կստանա Ադրբեջանում։

14։14

Փաշինյան․ Բարեփոխումներում Հայաստանն ունի Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքը։

12:20

Ստրասբուրգում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար:

Մեկնաբանել