Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանում այս մասին այսօր հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել էր Վերաքննիչ դատարան և առաջարկել փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը հերթական անգամ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

Ըստ Ալումյանի՝ դատարանը Քոչարյանին կալանքի տակ է պահում՝ անտեսելով իրավական բոլոր նորմերը։

«Դատարանների փաստարկը այն է, որ մնալով ազատության մեջ, Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, սակայն քննությունն արդեն ավարտվել է։ Եվրոպական դատարանն էլ կիսում է այն մոտեցումը, որ քննության միայն նախնական փուլում է, որ անձի ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել»,- ասաց Ալումյանը։

Նա վստահեցրեց, որ դատարանի որոշումը պարտադիր կբողոքարկեն Վճռաբեկ ատյանում։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի  27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Գևորգ Թոսունյան