Սանիթեքը հայցում է երևանցիների ներողամտությունը

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով ներողություն է խնդրում Երևանի բնակիչներից՝ վերջին շրջանում իրականացվող աղբահանության որակի պատճառով։ Ընկերությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի Երևանի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

Հարգելի’ երևանցիներ, քաղաքի հյուրեր,

«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան։

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն

***

Վերջերս մայրաքաղաքի աղբահանության որակի մասին իր դժգոհությունն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանը և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

Մեկնաբանել