Ապրիլի 13-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում հանդիպել է Արցախի իր պաշտոնակից Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ, որին ներկա է լինելու նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:
«ԱԳ նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձան Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:
Նախարարները մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերստին ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ Հայաստանի ԱԳՆ