ԵՄ-Ադրբեջան նոր փաստաթուղթն ուշանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պատճառով

Եվրամիության և Ադրբեջանի միջև երկկողմ հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցությունները թևակոխել են կարևոր և թերևս վերջնական փուլ․ ապրիլի 4-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության 16-րդ խորհրդից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Վերջինիս խոսքով՝ այն շահեկան կլինի բոլոր քաղաքացիների համար՝ թե Եվրամիության, թե Ադրբեջանի։

«Երկուստեք ցանկություն ունենք արագ ավարտին հասցնելու բանակցությունները»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատում են երկու կողմերի թիմերը։ Ավելի ուշ պատասխանելով հարցերին՝ նա ասել է, որ կան «խնդրահարույց և դեռ բաց հարցեր՝ մոտ 5-10 տոկոսը»։

Եվրոպացի փորձագետների կարծիքով՝ Բրյուսելն ու Բաքուն շտապում են՝ ակնկալելով ավարտին հասցնել բանակցությունները մինչև մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, քանի որ դրանց արդյունքում Եվրահանձնաժողովի կազմի փոփոխությունը կարող է հետաձգել կամ փոխել բանակցային գործընթացը։

Ինչպես նկատում է Regnum գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, կողմերը կարծես համաձայնության են եկել բոլոր ուղղություններով, խնդրահարույց է մնում քաղաքական բաժինը․ Բրյուսելը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա այն դեպքում, երբ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակով ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։

«Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, և ԵՄ-ն լիովին աջակցում է Ադրբեջանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- բրյուսելյան ասուլիսին ասել է Մոգերինին։

Հարցը, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության համաձայնագրում ամրագրված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, բարձրաձայնում են նաև ադրբեջանցի մի շարք փորձագետներ։

Ադրբեջանցի նախկին դեսպան Արիֆ Մամադովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում է գաղտնի մնալ, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես Ադրբեջանի անբաժանալի մաս»,- գրել է Մամադովը։

Նա նկատում է, որ Եվրամիությունը «դեմ է փաստաթղթում այդ դրույթի արտացոլմանը»։ Նախկին դեսպանը զուգահեռներ է անցկացնում ԵՄ-ի՝ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կնքած համանման փաստաթղթերի հետ, որտեղ «այդ երկրների օկուպացված տարածքները նշվում են որպես դրանց անբաժանելի մասեր»։

Մամադովի կարծիքը կիսում է «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

«Որոշ տեղեկատվության համաձայն՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է, որ համաձայնագրում անվերապահորեն ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ եվրոպացի դիվանագետները տատանվում են այս հարցում»,- կարծիք է հայտնել Շահինօղլուն։

Երկրի արտաքին գերատեսչությունը, սակայն, հերքում է այս լուրերը։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկումների առարկա։ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև բանակցությունները շարունակվում են։ Հավաստիացնում եմ, որ ինչպես նախորդ երկկողմ և բազմակողմ փաստաթղթերում, Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել քննարկումների առարկա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։

Jamestown Foundation-ի ադրբեջանցի սյունակագիր Իլգար Գուրբանովը իր ծավալուն հոդվածում անդրադառնալով Բրյուսել-Բաքու բանակցություններին՝ նկատում է, որ կողմերն իսկապես շտապում են ավարտին հասցնել բանակցությունները, բայց չի մատնանշում, թե կոնկրետ որ դրույթների շուրջ չեն կարող համաձայնության գալ ԵՄ-ն և Ադրբեջանը։

«Թեև որոշ հիմնարար հարցեր դեռ պետք է պատշաճ լուծում ստանան, այդուհանդերձ, վերջին մեկ տարում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մի շարք ոլորտներում կարևոր իրադարձությունները դրական ներդրում են ունեցել բանակցությունների դինամիկայում»,- գրում է Գուրբանովը։

Վերլուծաբանը շեշտում է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ռազմավարական կմախքը Հարավային գազային միջանցքն է, որի ավարտին Եվրոպան կսկսի բնական գազ ստանալ «միանգամայն նոր աղբյուրից՝ Ադրբեջանից»։ Նա գրում է, որ ՀԳՄ-ի ապագա ընդլայնումը կամրապնդի Ադրբեջանի՝ և որպես մատակարարի և որպես տարանցիկ երկրի դերը։

Ղարաբաղյան հարցը՝ ԵՄ-Ադրբեջան բանակցություններում

Ապրիլի 4-ի ասուլիսին Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ երկար քննարկված գերակայություններից մեկը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն էր։ Մոգերինին դրական է անվանել Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումը։

«Եվրոպական Միությունը կշարունակի լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ մեր հատուկ ներկայացուցչի ու վստահության կառուցմանը միտված միջոցների միջոցով։ Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, քանի որ այն կօգնի ամբողջ տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- հայտարարել է Մոգերինին։

Պատասխանելով հարցին, թե կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ-ն, այլ ոչ թե ԵՄ-ն, և ի՞նչ կարող է վերջինս անել կարգավորման գործընթացում, ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է․ «Այո, առաջատար դերը ԵԱՀԿ-ինն է, սակայն ԵՄ-ն ամենասկզբից աջակցել է գործընթացին։ Նախևառաջ՝ քաղաքական և դիվանագիտական առումով, այդ թվում՝ մեր հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կոնկրետ քայլերով, նպաստելով մարդկային շփումներին, աշխատելով քաղաքացիական հասարակությունների հետ, խրախուսելով կողմերին կառուցողական ներդրում ունենալ, քանի որ և Ադրբեջանը, և Հայաստանը կարևոր գործընկերներ են Եվրամիության համար»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել