«Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները ապրիլի 15-ին ցույց էին անում՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատելու ծանուցագրեր են բաժանվել, և երկու ամիս անց գործարանի աշխատանքը դադարեցվելու է։ Ցեմենտի գործարանի աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը։
Ընկերությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Միայն աշխատակիցներին հայտնել են, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, և իրենք չեն կարող մրցակցել իրանական ցեմենտ արտադրողների հետ, որոնք դեմպինգային գներով լուրջ մրցակից են դարձել հայկական ընկերությունների համար։
Վերջին ամիսներին իրանական ցեմենտի ներկրման հարցը կառավարության օրակարգում էր։ Կառավարությունը լուծում էր գտել պաշտպանելու տեղական արտադրողին՝ մաքսատուրք սահմանելով ներմուծվող ցեմենտի համար։ Փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը, իսկ արդեն ապրիլի 12-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց կառավարության այս նախաձեռնությունը։
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը «Արարատցեմենտն» է։ Այս ընկերության սեփականատերը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Հունվարի 1-ից Ծառուկյանի ընկերությունը նվազեցրել էր ցեմենտի գինը՝ մեկ տոննայի բացթողնման գինը 50 000 դրամից դարձնելով 40 000՝ դա ներկայացնելով որպես տնտեսական հեղափոխությանն ընդառաջ քայլ։
«Արարատցեմենտն» ունի մոտ 1200 աշխատակից։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2018-ին բյուջե է վճարել ավելի քան 2,1 միլիարդ դրամ հարկ։ Սա ավելին էր, քան 2017-ին։ Այդ տարի ընկերությունը վճարել էր 155 միլիոն դրամ հարկ։ Այս տարվա սկզբին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ընկերությունը չարամտորեն հարկեր էր թաքցրել՝ այդպիսով խոշոր չափի վնաս պատճառելով պետությանը։ Խոսքը առանց փաստաթղթային ձևակերպումների գործարքների մասին էր։ Ընկերությունը հերքել էր մեղադրանքները։
Մկրտիչ Կարապետյան