Ձևաչափի հարցն ամենևին էլ ձևականություն չէ

Գեղամ Բաղդասարյան, հատուկ «ՍիվիլՆեթի» և «Անալիտիկոնի» համար, Ստեփանակերտ-Երևան

Ձևաչափի հարցն ամենևին էլ ձևականություն չէ, կամ՝ ո՞վ է դեմ պատասխանատվության լրացուցիչ ռեսուրսի ներգրավմանը

Ղարաբաղյան կարգավորումը ժամանակից ու տարածությունից դո՞ւրս է

Տարիներ ու տասնամյակներ շարունակ ղարաբաղյան կարգավորման մեջ որևէ որակական նորություն չէր լինում։ Ոչ միայն չէին փոխվում դիրքորոշումները, այլև անփոփոխ էր մնում թե´ հակամարտության կողմերի և թե´ միջնորդների օգտագործվող բառամթերքը։ Փոխվում էին անձինք, բայց բառամթերքը նույնն էր մնում։ Այն աստիճան, որ հանգիստ կարելի էր բանակցային սեղանի շուրջ նստեցնել ռոբոտների՝ վաղօրոք ծրագրավորած ելույթներով ու հետբանակցային հայտարարությամբ։

Ի դեպ, ռոբոտների ու տեխնիկական առաջընթացի մասին։ Այս ամբողջ տարիների ու տասնամյակների ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել, աշխարհն ինքն է փոխվել։ Փոխվել է ոչ միայն մեր մոլորակը, այլև տիեզերքը, տիեզերքի մեր ընկալումը։ Աննախադեպ հայտնագործություններ են արվել գետնի վրա, գետնի տակ ու գետնի վերևում։ Այդ հայտնագործություններն ընկալելիս ու հետագա առաջընթացը պատկերացնելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում։ Նորի ու դեռևս անհայտի, սպասվող առավել հեղափոխական հայտնագործությունների դեմ հանդիման մարդ արարածն ինքն էլ փոխվում է՝ փոխելով իր կենցաղն ու մտածելակերպը։

Սակայն այս ամենը բացարձակապես ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ։ Այն մնում է այնտեղ, որտեղ եղել է մինչև տեխնիկական առաջընթացի վերջին նվաճումները։ Այստեղ դեռ խոսում են բանակցային հին ձևաչափի ու արդեն «բորբոսնող» մեթոդաբանության մասին։ Այն տպավորությունն է, որ ղարաբաղյան կարգավորումը ժամանակից ու տարածությունից դուրս է։ Կարդալով հակամարտության կողմերի ու միջնորդների հայտարարությունները՝ մեկ-մեկ այն տպավորությունն եմ ստանում, որ դրանք շարել են գրամեքենայի վրա, ապա ծրարվել և փոստային բաժանմունքից ուղարկվել… ցպահանջ։

Ստատուս-քվոն ձեռնտու էր բոլորին, կամ՝ բանակցային գործընթացի արջաքունը

Կատակը՝ կատակ, բայց իրականում այս ամբողջ ընթացքում կողմերն ու միջնորդները հասցրել են բավականին հարմարավետացնել իրենց միջավայրը՝ կանխատեսելի ու հանգիստ պայմաններ ստեղծելով իրենց գործունեության համար առնվազն մոտակա տասնամյակի համար։ Այնքան հարմարավետ, որ նրանց այս հարմարավետությունից հանելը նույնն է, ինչ ձմռանը անուշ քնած արջին իր որջից հանելը… Մեր «արջերին» նույնպես շատ դժվար է լինելու հանել իրենց հարմարավետ միջավայրից։ Առավել ևս՝ հայտնի չէ, թե որքան հարմարավետ է լինելու նոր միջավայրը, կամ էլ՝ ինչքան ժամանակ է պետք լինելու այն ևս հարմարավետացնելու համար։ Հակամարտության կողմերն ու միջնորդները սրանով կամա թե ակամա փաստել են, որ ստեղծված ստատուս-քվոն ձեռնտու է եղել բոլորին անխտիր՝ և՛ իրենց, և´միջազգային խաղացողներին, և´ ուժային կենտրոններին։ Բոլորն էլ այս ընթացքում լուծել են իրենց որոշակի այլ խնդիրներ։

Ինչ խոսք, միջնորդներն այս ամբողջ ընթացքում հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով ու փաթեթներով, բայց դրանց էությունը նույնն է եղել, քանի որ նույնն են մնացել կարգավորման փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը, այն է՝ դրանք միտված են եղել հակամարտության հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը։ Սա անտրամաբանական է, քանի որ 1988-ին, երբ արցախցիներն ըմբոստացել են, չկային այդ հետևանքները, իմա՝ չկային տարածքների ու փախստականների խնդիրներ, բայց կար հիմնախնդիրը։ Եվ կարգավորման այս ծուռտիկ շենքի հիմքը դրվել է էն գլխից։ Այդ հիմքը շատ տեղ չի թողնում կրեատիվ մոտեցումների համար։ Ու պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ 2006-ի հուլիսին են հայտարարել, որ սպառել են իրենց երևակայությունը խաղաղ կարգավորման սկզբունքների ընդունման, ձևակերպման և վերջնական տեսքի բերման գործում:

Ինչ վերաբերում է հակամարտության անմիջական կողմերին (դրանց քաղաքական էլիտաներին), ապա նրանք ևս հասցրել են բավականին հարմարավետ պայմաններ ստեղծել իրենց համար։ Այստեղ հարկ է նշել, որ կարգավորման գործընթացն իր մեջ ներառում է նաև արդյունավետ քաղաքական գործիքակազմ, և առաջին հերթին՝ ներքաղաքական խնդիրների լուծման գործում։ Կարգավորման գործընթացին մասնակցությունը եղել է իշխանությունների կայունացման հզոր արտաքին ռեսուրս, որը փոխհատուցում էր ներքին լեգիտիմության դեֆիցիտը։

Սակայն կարգավորման գործընթացը նաև նշանակալից ռեսուրս էր արտաքին քաղաքականության մեջ։ Այս գործիքակազմով հակամարտության կողմերն ու միջնորդները նաև լուծել են տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցեր։ ԵԱՀԿ Մինսկի խումբը նաև որոշակի հարթակ է եղել աշխարհի ուժային կենտրոնների միջև համագործակցության վերջին փշրանքները պահպանելու գործում։ Ահա թե ինչու է հին համակարգն այդքան հաստատուն եղել։

Բանակցային միջանցուկ քամի

Հայաստանի նոր իշխանության նոր օրակարգի փորձերը զեփյուռի պես զգուշավոր սողոսկել են «սառցե թագավորություն» կամ՝ «արջի որջ»։ Ու առայժմ ոչ մի փոփոխություն չկա, ու չէր էլ կարող այդքան շուտ լինել։ Բայց այն տպավորությունն է, որ խախտվել է կարգավորման գործընթացի առկա փիլիսոփայության ու հոգեբանության հերմետիկությունը…

Հուսանք՝ այն կջերմացնի կողմերի ու միջնորդների երևակայությունը, այլ ոչ թե կստիպի փակել բոլոր պատուհաններն ու դռները։

Կա զբաղվելու ձևաչափ և կա լուծելու ձևաչափ

Կարգավորման եռակողմ ձևաչափն ամենևին էլ ձևականություն չէ։ Բանակցային գործընթացի 27 տարիների ընթացքում միակ ձեռքբերումը 1994-ի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագիրն է, որը ձեռք է բերվել հենց այդ ձևաչափով։ Այլ էական ձեռքբերում չկա։ Մի՞թե միայն այս փաստարկը բավարար չէ։ Առավել ևս, որ միայն այս ձևաչափն է ապահովում իրավունքի ու պատասխանատվության համաչափ բաշխումը։

Բանակցային ձևաչափի մասին քննարկումն ի ցույց է դնում այն, թե շահագրգիռ կողմերն ինչպես են վերաբերվում հիմնախնդրին։ Նրանք ուզում են լուծե՞լ հարցը, թե՞ զբաղվել կարգավորմամբ ու պահպանել ստատուս-քվոն։ Հենց վերաբերմունքն է թելադրում ձևաչափ։ Մոտեցումներից յուրաքանչյուրն ունի իր ձևաչափը։ Կողմերը տարիներ ու տասնամյակներ շարունակ կարգավորմամբ զբաղվելու ձևաչափով են բանակցել և ըստ այդմ էլ՝ այս ձևաչափն ամենահարմարն է եղել հարցով զբաղվելու և չլուծելու համար։ Հարցի լուծման ձևաչափը եռակողմն է, ուստի դրա դեմ արտահայտվողները պետք է գիտակցեն (նրանց պետք է «օգնել» գիտակցելու հարցում), որ իրենք դեմ են լուծմանը և կողմ են հակամարտության սառեցմանն ու ստատուս-քվոյի պահպանմանը։ Կրկնենք՝ եռակողմը ոչ միայն ճիշտ ձևաչափ է, ալյև հարցի ԼՈՒԾՄԱՆ ձևաչափ է։

Պատասխանատվության արդար բաշխումն ամենակարևորն է

Հայ հանրությունում նոր օրակարգի ընդդիմախոսներն ասում են, որ Արցախի մասնակցության պահանջն Ադրբեջանին ստիպելու է նորից շրջանառության մեջ դնել ԼՂ ադրբեջանական համայնքի գործոնը։ Սակայն այս մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում։ Նախ՝ Ադրբեջանն առանց այդ էլ վաղուց շրջանառության մեջ է դրել այն, ու համանախագահներն էլ տարածաշրջան ամեն այցի շրջանակներում ձևական-արարողակարգային հանդիպում են ունենում այդ համայնքի ղեկավարի հետ։ Հետո էլ՝ բանակցային գործընթացին համայնքի լիիրավ մասնակցության պահանջն էլ իր հերթին ոչ մի քննադատության չի դիմանում։ Ամենազորեղ փաստարկը Փաշինյանն արդեն բերել է՝ նշյալ համայնքի անդամները մասնակցում են Ադրբեջանում իշխանության ձևավորմանը, ուստի և ձևավորված իշխանությունը նրանց շահերը ներկայացնելու մանդատ ունի։ Արցախի բնակչությունը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, ուստի ՀՀ իշխանությունը նման մանդատ չի ստանում արցախցիներից։ Ինչպես ասում են ռուսները՝ սա ոզնուն էլ է հասկանալի…

Սակայն կա մեդալի մյուս կողմը ևս։ Այն պատասխանատվության տիրույթում է։ Յուրաքանչյուր կողմ պատասխանատվության տիրույթ է։ Իսկ պատասխանատվության արդար ու համամասնական բաշխումն ամենակարևորն է կարգավորման գործընթացում։ Թե որքան պատասխանատվություն կարող է ստանձնել ԼՂՀ-ն բանակցային գործընթացում, իրավիճակի լիցքաթափման կամ սրման գործում՝ հայտնի է բոլորին, բայց անհասկանալի է, թե ինչի համար կարող է պատասխանատու լինել ադրբեջանական համայնքը։ Ադրբեջանցի փախստականները, ինչպես և մյուս բոլոր փախստականները, իրավունք ունեն վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, և ոչ ոք չի կարող ժխտել նրանց այս իրավունքը։ Բայց ճշտենք՝ սա իրավունքի տիրույթում է, այլ ոչ թե պատասխանատվության։ Հակամարտության լուծման համար պատասխանատու կողմերի միջև խաղաղ համաձայնագրի կնքումից հետո նշյալ համայնքը կներգրավվի հետհամաձայնագրային գործընթացներում, բայց այն դարձյալ իրավունքի տիրույթում կլինի, այլ ոչ թե պատասխանատվության, քանի որ փախստականն իրավունք ունի վերադառնալ, այլ ոչ թե պարտավոր է վերադառնալ, ու այս հարցը լուծվելու է անհատական մակարդակում։

Երբ պնդում են բանակցային գործընթացում ադրբեջանական համայնքի առանձին մասնակցության մասին, ապա հարցը դարձյալ տեղափոխում են զբաղմունքի տիրույթ, այլ ոչ թե լուծման հարթակ։ Ի վերջո, կարելի է բանակցային գործընթացի շրջանակներում կազմակերպել ձևաչափերի փառատոն և հրավիրել մյուս համայնքների ներկայացուցիչներին՝ բոլոր երեք կողմերից (ռուսական, հրեական, թալիշական, հունական և այլ համայնքների)։ Բայց արդյոք սա կհեշտացնի՞ հարցի լուծումը, թե՞ ընդհակառակը։ Իսկ եթե հարմարավետությունից ելնենք, ապա Ադրբեջանի իշխանության համար ամենահարմարը կլիներ… ադրբեջանական համայնքի հետ բանակցելը։ Հարմար ու հաճելի պայմաններում կարելի է ինչքան ասես որոշում ընդունել։ Այլ հարց է, թե ով պիտի կենսագործի որոշումները։

Իսկ ուզու՞մ ենք, արդյոք, որ որոշումները կենսագործվեն, թե՞ հարմարավետության պահպանումն էլ հենց նպատակ է։

Յուրաքանչյուրին՝ մեկական բեռ, և ոչ ավելին

Հայաստանի նոր իշխանությունների նոր օրակարգի ընդդիմախոսներն ասում են, որ միջնորդները չեն ընդունել այն, և որ վտանգ կա, որ Հայաստանը կդիտարկվի ապակառուցողականության տիրույթում։ Շատ լավ։ Այդ դեպքում Փաշինյանը կարող է այլևս չպնդել արցախյան կողմի մասնակցության մասին։ Իր առաջարկը չեն ընդունել՝ չեն ընդունել, մեղքն իրենց վիզը, Հայաստանի ակտիվում այն կմնա որպես մեկ պլյուս, որպես մեկ դրական նախաձեռնություն։ Ու բացարձակապես ոչ մի պատճառ չկա ընտրված ուղուց շեղվելու համար։ Փաշինյանը կարող է շարունակել պնդել, որ չի հրաժարվում բանակցային գործընթացից և մշտապես պատրաստ է Հայաստանի անունից մասնակցել բանակցություններին՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը։

Բանակցային սեղանին եղած հարցերը մի քանի տիրույթում են՝ Ադրբեջան-Արցախ, Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Հայաստան։ Հայաստանը կարող է և պարտավոր է բանակցել իր տիրույթում գտնվող հարցերի շուրջ։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարածքների ու սահմանազատման խնդիր կա, փախստականների խնդիր կա, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ կան և այլն։ Ոչ ոք չի կարող ՀՀ ղեկավարությունից պահանջել ավելին, պատասխանատվության ավելի մեծ բեռ դնել նրա ուսերին։ Իր հասանելիք պատասխանատվութունից ՀՀ-ն չի հրաժարվում, բայց և պարտավոր չէ ու իրավասու չէ հավելյալ պատասխանատվություն կրել։

Իսկ թե ղարաբաղյան կողմի համար ով է պատասխանատու՝ դա արդեն Փաշինյանի խնդիրը չէ, այլ իր նախաձեռնությունը մերժողների (ի դեպ, վերջիններս չե՞ն վախենում գործընթացի ապակառուցողական մասնակից ընկալվելու հեռանկարից)։ Առավելագույնը, ինչ Փաշինյանը կարող է խոստանալ միջնորդներին, հետևյալն է՝ փորձել «ազդեցություն գործադրել» ԼՂՀ իշխանությունների վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար, այսինքն՝ այն, ինչ պահանջվում էր ՄԱԿ-ի բանաձևերով, մասնավորապես՝ թ. 853 և թ. 884 բանաձևերով։ Իմիջիայլոց, թ. 822 բանաձևն էլ հղում է անում «տեղական հայկական ուժերին»: Փաշինյանի մեղավորությունը չէ, որ «տեղական հայկական ուժերին» հաշվի առնելու իր առաջարկը, որը համահունչ է ՄԱԿ-ի բանաձևին, չի ընդունվել։ Այո, կփորձի ազդեցություն գործադրել։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ի՞նչ արած… Ազդեցություն գործադրելն ու որոշում ընդունելը տարբեր բաներ են։ Թե որքանով արդյունավետ կլինի ազդեցություն գործադրելու փորձը, կախված է ոչ միայն Փաշինյանից։ Ու թե որքանով արցախցիները «կազդվեն»՝ ոչ միայն Փաշինյանի ու ոչ միայն արցախցիների հոգն է։

Կյանքդ կամ դրամապանակդ, կյանքդ կամ տարածքներդ

Այս առնչությամբ ադրբեջանական կողմը կարծես թե տրամաբանական հարց է ուղղում հայաստանյան կողմին՝ այդ դեպքում ի՞նչ են անում ձեր զորքերը Լեռնային Ղարաբաղում։ Թվում է, թե ծանր հարց է։ Ամենևին։ Հայաստանի ԶՈՒ սահմանափակ անձնակազմն Արցախում է, որպեսզի ապահովի արցախցիների անվտանգ ընտրությունը։ Որպեսզի Ադրբեջանը չկարողանա արցախցիներին ասել՝ կամ Ադրբեջանի կազմում պիտի լինեք, կամ էլ ձեզ մորթում ենք։ Ինչպես դա արել է 20-րդ դարի սկզբին, ինչի արդյունքում էլ գերազանցապես հայկական բնակչությամբ երկրամասը հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Իսկ այսօրվա «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ադրբեջանական սկզբունքը հենց երեկվա այդ ահաբեկչական վերաբերմունքի ռեինկարնացիան է։ Արցախցիներն իրենց հետագա ճակատագրի հարցում պիտի ընտրություն անեն անվտանգ պայմաններում և ոչ թե մահվան սպառնալիքի տակ։ Այս պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի ուրիշ լեզվով խոսել նրանց հետ։ Այստեղ շատ ավելի տրամաբանական հարց է ծագում՝ իսկ Ադրբեջանը զենքից ու սպառնալիքից բացի այլ թեմա ու այլ փաստարկ ունի՞։ Կարծես թե նա այս ամբողջ ընթացքում պիտի համոզված լիներ, որ զենքն ու սպառնալիքն արդյունավետ փաստարկներ չեն։ Միգուցե ժամանա՞կն է այլ փաստարկների շուրջ մտորելու։

Ադրբեջանի իշխանությունը չի գիտակցում մեկ այլ վտանգ։ Մերժելով արցախյան կողմի մասնակցությունը և նախընտրելով բանակցել միայն ՀՀ իշխանությունների հետ՝ նա դեպքերի զարգացումը մղում է իր համար նվազ ձեռնտու տիրույթ։ Հայաստանում և Արցախում փորձագիտական մակարդակով առաջարկվում է իրավիճակից դուրս գալու երկու նոր տարբերակ, որոնք կարող են ՀՀ ղեկավարությանը տրամադրել արցախյան մանդատ։ Առաջին՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կնքում են ռազմաքաղաքական դաշինք ու դրա շրջանակներում ԼՂՀ-ն ՀՀ-ին տրամադրում է նման մանդատ։ Եվ երկրորդ՝ Արցախի բնակչությունը մասնակցում է ՀՀ համապետական ընտրություններին ու իշխանությունների ձևավորման գործընթացին և դրանով իսկ ՀՀ իշխանություններին լիազորում ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում։ Արդյո՞ք Ադրբեջանի համար սրանք ավելի ընդունելի տարբերակներ են։ Վստահ չեմ։

Այս հարցերը կարևոր են, ինչպես և կարևոր են դրանց պատասխանները կամ, առնվազն, պատասխանների որոնումները։ Երբ ասում ենք, որ պետք է բացառվի հակամարտության լուծման ռազմական ուղին, և հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դա ամեն ինչից զատ նաև նշանակում է, որ դիմակայությունը պետք է տեղափոխվի փաստարկների ու հարցերի դաշտ։ Ու յուրաքանչյուր հարցի ինչ-որ մեկը պիտի պատասխանի։ Մասնավորապես՝ որևէ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը և հոդաբաշխ ձևով պատասխանի այն հարցին, թե ինչու ղարաբաղյան կողմը չպիտի մասնակցի իր իսկ ճակատագիրը որոշող բանակցային գործընթացին։

Երբեմն վիճում են՝ կարգավորումը պետք է իրավակա՞ն դաշտում լինի, թե՞ քաղաքական, թե՞ իրավաքաղաքական կամ՝ պատմական արդարության վերականգնման շրջանակներում։ Բայց մի բան անվիճելի է՝ այն պետք է անխուսափելիորեն առողջ տրամաբանության տիրույթում լինի։

Մի ուշագրավ հանգամանք ևս։ Այսօր խոսվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին։ Բանակցային գործընթացի ներկայիս կողմերը պարտավորվել են զբաղվել այդ հարցով։ Ադրբեջանի իշխանությունը նույնպես հավաստիացնում է, որ զբաղվում է դրանով, բայց այս գործում նա ԼՂ ադրբեջանական համայնքին չի դիտարկում որպես առանձին գործոն՝ հավասարաչափ բոլորին է նախապատրաստում, կամ էլ հայտարարում է, որ համաձայն է նախապատրաստել։ Այսինքն՝ ադրբեջանական համայնքը չի դիտարկվում որպես հատուկ հասցեատեր։ Ընդհանրապես, երկկողմանի ձևաչափի ադրբեջանական պահանջն ինքնին նշանակում է, որ Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանի իշխանությունն ըստ ամենայնի ներկայացնում է այդ համայնքը։ Այսինքն՝ Բաքվի իշխանությունները փաստացի իրենք էլ պատասխանում են իրենց պահանջին (ադրբեջանական համայնքի մասնակցության մասին)` մերժելով այն։

Պաշտոնական Բաքուն իրո՛ք կարող է ադրբեջանական համայնքի կարիքը չունենալ կարգավորման գործընթացում, բայց Հայաստանի իշխանությունը չի կարող այդկերպ վարվել Արցախի նկատմամբ։ Ու երբեք էլ չէր կարող։ Հիմա՝ առավել ևս։ Ասում ենք՝ հիմա, որովհետև եղածին մի նրբերանգ էլ է ավելացել։ Հիմա Ռուսաստանը չունի այն միանշանակ ու անվերապահ ազդեցությունը Հայաստանի վրա, որ ուներ ՀՀ նախկին իշխանությունների օրոք։ Հիմա Հայաստանը չունի այն միանշանակ ու անվերապահ ազդեցությունը Արցախի վրա, որ ուներ ՀՀ նախկին իշխանությունների օրոք։ Այսինքն՝ հայաստանյան խողովակով արցախցիների վրա ներգործելու միջնորդական ու հատկապես ռուսաստանյան մեխանիզմն արդեն չկա, թեև Ադրբեջանը շարունակում է դրա վրա հույս դնել։ Հասկանու՞մ եք՝ իրավիճակ է փոխվել…

Ադրբեջանը միշտ էլ ճիշտ ձևաչափով է… պատերազմել

Ու վերջին փաստարկը։ Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը ճիշտ ձևաչափով է… կրակում, այն է՝ Արցախի վրա։ Ավելին՝ Ադրբեջանը քաջ հասկանում է, որ պատերազմի ժամանակ արցախյան կողմից իր ուղղությամբ արված կրակոցն իր ճանաչման կարիքը չունի՝ ստիպված է այն ընկալել թե´ դե ֆակտո և թե´ դե յուրե։ Եվ կրակոցն այդ «սև ցուցակ» մտցնելով հնարավոր չէ մեղմել այն ընդունողի ցավն ու տառապանքը։

Բայց արդյոք պատերազմը ճիշտ ձևաչափը վերականգնելու միակ ուղի՞ն է։ Միգուցե փորձենք ա՞յլ տարբերակներ։ Տարբերակներ, որոնք կասկածի տակ չեն դնում որևէ մեկի կյանքի իրավունքը։

Ձևաչափային փակուղի իրականում չկա

Ի վերջո, եթե Ադրբեջանի համար այդքան ցավոտ է արցախցիների մասնակցության հարցը, բայց կա ցանկություն և կամք՝ հարցը լուծելու, ապա կարելի է ելք գտնել անգամ այս ձևաչափային թվացյալ փակուղուց։

Մի տարբերակ կարող եմ հուշել։

Դա երկաստիճան բանակցությունների գաղափարն է։ Առաջին աստիճանում Արցախի նախագահը Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի հետ միասին մասնակցում է եռակողմ ձևաչափով բանակցություններին (կամ էլ յուրաքանչյուրի հետ առանձին է հանդիպում)։ Դրան զուգահեռ Արցախը պետնախարարի մակարդակով (նոր Սահմանադրության ընդունումից հետո Արցախում վարչապետ չկա) բանակցում է ադրբեջանցի փախստականների ներկայացուցիչների հետ՝ ապագա խաղաղության պայմանագրից բխող դրույթների իրականացման հարցերի շուրջ։ Այս երկրորդ աստիճանում իմաստավորված է հակամարտության մյուս երկու կողմերի՝ Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությունը նախարարների մակարդակով և հումանիտար հարցերի վրա մտասևեռմամբ։

Վերջաբանի փոխարեն

Այսպես թե այնպես, հարկ կլինի կողմնորոշվել՝ մեր նպատակը հակամարտության լուծու՞մն է, թե՞ հակամարտության կարգավորման ներկայիս ձևաչափը պահպանելը։ Մեր երևակայությունը որի՞ համար է բավարար։ Թեև երկրորդի համար, ըստ երևույթին, երևակայություն ընդհանրապես պետք չէ։

Ինչ խոսք, չարժե այսրոպեական արդյունքներ ակնկալել ձիշտ ձևաչափով բանակցություններից ու անմիջապես էլ վրդովվել՝ տեսնու՞մ եք, հակամարտությունը դարձյալ չի լուծվում…

Հարկ է մի կարևոր բան գիտակցել։ Ճիշտ ձևաչափը համադարման չէ։ Եռակողմ ձևաչափը (ինչպես և ցանկացած այլ ձևաչափ) նպատակ չէ, այլ ընդամենը՝ միջոց։ Շատ ավելի կարևոր են հակամարտության կողմերի՝ հիմնախնդիրը լուծելու ցանկությունն ու կամքը։ Ճիշտ ձևաչափն ընդամենը շանս է և մեկ քայլ առաջ։

Ճիշտ ձևաչափն ամեն ինչից զատ նաև կխախտի արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի «անպատասխանատու» հովվերգական վիճակը և նրան կստիպի իր բաժին պատասխանատվությունն ստանձնել։ Ստեփանակերտից մշտապես հավաստիացումներ են հնչում նման բեռ սեփական ուսերին վերցնելու մասին, բայց մի բան է, երբ հայտարարում ես այն հույսով, որ դա իրականանալի չէ, և միանգամայլ այլ բան, երբ այդ հավաստիացումները ծանրաբեռնում ես կոնկրետ պատասխանատվությամբ։

Ճիշտ ձևաչափը կնշանակի պատասխանատվության լրացուցիչ ռեսուրսի ներգրավում։

Լուսանկարում՝ տեսարան Ստեփանակերտից

Մեկնաբանել