Պահպանել հայերենը, սովորել վրացերենը․ զրույց ջավախահայության խնդիրների շուրջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ն այցելել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջան և կարևոր ուղերձներ հղել վրացերեն սովորելու, Վրաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ Զուրաբիշվիլիի այցի, շրջանում հայերենի դասավանդման, վրացերենի իմացության մակարդակի մասին ՍիվիլՆեթը զրուցում է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։

– Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մայրենի լեզվի օրն այցելել է Ջավախք։ Ի՞նչ ուղերձներ է հղել նա, և որքանո՞վ է կարևոր այդ այցը։

– Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա այցով Ջավախքում էր: Ապրիլի 13-ին նախագահը Սամցխե-Ջավախքի վարչական կենտրոնում՝ Ախալցխայում, հանդիպել էր նահանգապետին և շրջանի քաղաքապետերին: Հանդիպման հիմնական նպատակն էր մոտիկից ծանոթանալ շրջանում առկա խնդիրներին: Նինոծմինդայի քաղաքապետը բարձրաձայնել էր Վրաստանի քաղաքացիության վերականգնման հարցը, քանի որ այս խնդիրը մնում է Ջավախքում առկա առաջնային խնդիրների շարքում այն բանից հետո, երբ մարդիկ, ստանալով ՀՀ քաղաքացիություն, զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից: Ախալցխայից Վրաստանի նախագահը մեկնել էր Ախալքալաք և մասնակցել մայրենի լեզվին նվիրված միջոցառմանը, որտեղ դարձյալ բարձրաձայնել էին տվյալ խնդիրը։ Քաղաքացիության շնորհումը հենց նախագահի լիազորությունների մեջ է, և դա եղել է նրա նախընտրական խոստումը ջավախահայերին։

Ախալքալաքում Վրաստանի նախագահը մասնավորապես ասել է, որ քաղաքացիություն ստանալու համար պետք է մարդիկ իմանան վրացերեն եւ քննություն տան լեզվի իմացությունը հաստատելու համար։ Նրա խոսքով՝ պետությունն իր կողմից արել է մեկ քայլ՝ թույլ տալով վերականգնել քաղաքացիությունը, մնացել է, որ Ջավախքի բնակիչներն իրենց քայլը կատարեն՝ սովորեն լեզուն, քննություն հանձնեն և քաղաքացիություն ստանան։

Նախագահի այցից հետո հայտնի դարձավ, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որպեսզի 40 տարեկանից բարձր քաղաքացիները դյուրացված կարգով հանձնեն տվյալ քննությունները։

– Ինչպե՞ս եք գնահատում հայերենի դասավանդման մակարդակը Ջավախքի դպրոցներում։ Ի՞նչ է այս ուղղությամբ անում Վրաստանը, և ի՞նչ ակնկալիքներ կան այս առումով հայաստանյան իշխանություններից։

Հայերենի դասավանդման մակարդակը Ջավախքում բավական լավ է։ Կարելի է ասել, նույնիսկ չպետք է մեծապես տարբերվի հայաստանյան դպրոցներից։ Սակայն առկա են լուրջ խնդիրներ, որոնք կապված են ինչպես դասագրքերի, այնպես էլ կադրերի վերապատրաստման հետ։ Դասագրքերի մեծ մասը ապահովում է Հայաստանը, սակայն ոչ բոլոր դպրոցներում է դրանց քանակը բավարար, ինչն էլ զգալի խնդիր է հայերենի ուսուցման համար։ Մինչև վերջերս զգացվում էր այբբենարանի սուր կարիք։ Դպրոցներում կային դասարաններ, որտեղ մեկ կամ երկու այբբենարանով էին երեխաները սովորում։ Հիմա իրավիճակը մի փոքր բարելավվել է, սակայն գրքերի պակասի հարցը դեռ լուծված չէ, և կան դպրոցներ, որոնք այսօր առերեսվում են այդ խնդրին։

Ինչպես նշեցի, կա նաև վերապատրաստման անհրաժեշտություն։ Մի քանի տարի առաջ Հայաստանից ուսուցիչների վերապատրաստման փորձեր արվեցին, սակայն այս պահին տվյալ ծրագիրը չի շարունակվում։

Մեկ այլ՝ առավել մեծ խնդիր առնչվում է նոր կադրեր չունենալու հետ։ Շրջանավարտներից շատ քչերն են գալով Երևան՝ ընտրում հայոց լեզվի և գրականության մասնագիտացումը, ինչի հետևանքով մենք ապագայում ունենալու ենք տվյալ առարկայից ուսուցիչների պակաս։

Գոյություն ունի նաև հայերենի դասաժամերի կրճատման խնդիր, որը որոշ դեպքերում լուծվում է դպրոցների տնօրենների հայեցողությամբ, որոնք այս կամ այն առարկայի դասավանդման ժամերն ավելացնելու իրավունք ունեն։

– Վրաստանի կենտրոնական իշխանություններն ունե՞ն մտավախություններ կամ զգուշավորություն այն հարցում, որ հայերենի դասավանդման մակարդակի բարձրացումը կարող է «կտրել» Ջավախքը Վրաստանից, եթե այո՝ ինչպե՞ս է դա արտացոլվում այսօր։

Կարծում եմ՝ ունեն, չնայած դա պաշտոնապես չի հայտարարվում։ Ջավախքում չկա ոչ մի անջատական տրամադրություն, և մայրենի լեզուն չի կարող դա առաջացնել։ Նույնիսկ Վրաստանի համար ծանր օրերին, երբ երկիրը պատերազմների պատճառով կանգնած էր ավելի մեծ մասնատման առջև, ջավախահայերն իրենց հավատարմությունը հայտնեցին Վրաստանին և սատարեցին երկրի տարածքային ամբողջականությանը։

Հետևաբար, տվյալ մտավախությունն անհիմն է։ Վրաստանում կան բազմաթիվ հայկական դպրոցներ, և Հայաստանից դուրս աշխարհի ոչ մի այլ երկրում չկան այդքան հայկական դպրոցներ, որոնք պահվում են պետության հաշվին։ Բայց մյուս կողմից, հայկական դպրոցներում աստիճանաբար սահմանվում է երկլեզու ուսուցում, և դա արվում է հայերենի հաշվին։

Երբ դրա մասին անընդհատ խոսվում է դպրոցում և ընտանիքում, դա հակառակ արդյունքն է տալիս և հետ է մղում աշակերտին լեզուն սովորելուց։ Ահա ինչու Վրաստանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի հայերն ավելի ապահով զգան իրենց մայրենի լեզվի հարցում և ավելի մեծ եռանդով սովորեն վրացերենը։ Նրանք ընդհանրապես պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք հասարակության մեջ կարող են հակակրանք առաջացնել։

– Ի՞նչ վերաբերմունք ունի ջավախահայությունը, մասնավորապես, երիտասարդությունը վրացերենի որպես պետական լեզվի հանդեպ, արդյոք սերնդեսերունդ նկատվում է փոփոխություն մտածողության մեջ։

– Հայերի շրջանում վրացերենի իմացության մակարդակը զգալի ցածր է։ Չնայած նրան, որ պետությունը բավական միջոցներ է ձեռնարկում և Վրաստանի տարբեր շրջաններից նորանոր մասնագետներ ներգրավում, այնուամենայնիվ, առաջընթացը քիչ է։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցը։

Օրինակ, Ախալցխա քաղաքում երիտասարդ հայերը վրացերենի իմացության խնդիր չունեն։ Ախալցխայում, ի տարբերություն Ախալքալաքի, ապրում են մեծ թվով վրացիներ, և միջավայրն ու շփումը դրական են ազդել լեզվի իմացության վրա։

Ախալցխայում ոչ միայն հայերն են խոսում վրացերեն, այլև շատ վրացիներ խոսում են հայերեն։ Երիտասարդության շրջանում նկատվում է նաև Թբիլիսի մեկնելու և սովորելու դրական միտում։

Համալսարաններ ավարտելը, սակայն, աշխատանքի տեղավորում չի երաշխավորում։ Նույն Ախալցխայում պետական ու ոչ պետական հիմնարկներում չափազանց քիչ են ներգրավված ազգությամբ հայերը, չնայած, որ լեզվի իմացության և տոկոսային հարաբերակցության պատճառով մի քանի անգամ շատ պետք է լինեին։ Սրանք են հիմնական խնդիրները, որոնք Ջավախքում ազդում են վրացերեն լեզվի իմացության վրա։

Կարծում եմ՝ պետական լեզվի իմացության բարձրացման համար նոր մոտեցում է պետք։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ երեխան հետաքրքրվի վրացերենի ուսուցմամբ և հասկանա, թե որքան կարևոր է այն իր ապագայի համար։

Իմ համոզմամբ՝ մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի․ պետք է սովորեն ավելի շատ սիրել իրենց պետությունը և վստահել կառավարությանը։ Սակայն այդ ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից լուրջ քայլեր չեմ տեսնում։ Կարծում եմ՝ եթե մարդիկ համոզված լինեն, որ իշխանություններն ամեն հարցում անկեղծ են իրենց հանդեպ և փորձում են լուծել առկա բոլոր խնդիրները, եթե հատուկ կարգավիճակ տրվի հայերենին, ինչպես ենթադրվում է եվրոպական խարտիայով, մարդիկ վրացերեն սովորելու ավելի մեծ ցանկություն կունենան։ Ջավախահայերի հոգեբանության վրա կարող են ազդել միայն դրական փոփոխությունները, որոնց շնորհիվ իրենց լիարժեք քաղաքացի կզգան։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նրանք մշտապես հորդորում են այստեղի հայերին սովորել Վրաստանի պետական լեզուն։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Լուսանկարում՝ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Մեկնաբանել