Ապրիլի 22-ը՝ աշխատանքային օր

Ապրիլի 22-ը կլինի աշխատանքային․ տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ գործադիրը չի պատրաստվում տեղափոխել 22-ի աշխատանքային օրը։

Ապրիլի 21-ին նշվում է Սուրբ Զատկի տոնը, որը 5 տաղավար տոներից մեկն է: Նախկինում տոնին հաջորդող օրը՝ Մեռելոց հիշատակի օրը, հայտարարվել է ոչ աշխատանքային։

Ավանդույթը մտցրել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հետագայում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկումեջ էր նման որոշումներ կայացնում, իսկ Կարեն Կարապետյանը փորձում էր վերացնել Մեռելոցները որպես ոչ աշխատանքային օր սահմանելու պրակտիկան։ Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները խնդիրների են բախվում, երբ աշխատանքային օրերը փոխվում են, քանի որ նրանց աշխատանքը փոխկապակցված է միջազգային ընկերությունների հետ։ Ըստ Կարապետյանի՝ նման որոշումները խախտում են աշխատանքային բնականոն ռիթմը:

Գևորգ Թոսունյան