Փառատոն՝ Երևանի «ուրվական» վայրերում

Մայիսի սկզբին Երևանի կիսալքյալ վայրերից մեկում՝ Մանկական երկաթուղու այգում տեղի կունենա «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը։ 22 երկրներից ավելի քան 80 արտիստներ կներկայացնեն իրենց էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային ստեղծագործությունները։

Այգում երեք բեմ է լինելու՝ անմիջապես կայարանում, Հրազդան հէկի կողքին՝ «Դամբարան» անունով, և անտառի խորքերում։ Յուրաքանչյուր բեմն ունենալու է իրեն հատուկ երաժշտական ոճը։ Փառատոնը կունենա նաև սննդի, ձեռքի աշխատանքների, արթ իլյուստրացիաների տարածքներ և պարահրապարակներ։

Փառատոնի կազմակերպիչները կարևորում են լքված և կիսալքված վայրերի հանդեպ ուշադրությունը․ «Ուրվական» անվանումն ընտրվել է հենց այդ պատճառով։ Մանկական երկաթուղու պատմությունը առավել քան համապատասխանում է փառատոնի ոգուն։ Երկաթուղին գործարկվել է 1937-ին, նախատեսվում էր, որ այն կդառնա կրթական հաստատություն, որտեղ դեռահասները երկաթուղաշինական մասնագիտություններ կսովորեն։ Սակայն 80-ականների կեսերից երկաթուղին գրեթե չի գործում և այժմ կիսալքված է։

Փառատոնի բացման միջոցառումը կլինի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել