Միհրան Պողոսյանի տան խուզարկության մասին «ԱԱԾ-ն մամուլին փոխանցելու տեղեկատվություն դեռ չունի»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի տանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։ Ինչպես հայտնում է Aysor.am-ը, հղում անելով պատգամավորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։

«Այս ռեպրեսիվ քայերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն», – նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ԱԱԾ-ի՝ Պողոսյանի տուն ներխուժելու լուրերի հետ կապված ասաց, որ «այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն  չունի»։

***

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` ավելի քան 44 միլիոն դրամ: Հարուցվել է քրեական գործ և Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Դատարանը Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Անի Գրիգրոյան