«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019թ․ աշխարհում մամուլի ազատության համաթիվը, որի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ տեղում։ Զեկույցում նշվում է, որ դիրքերի բարելավումը տեղի է ունեցել Թավշյա հեղափոխությունից հետո։
Հայաստան․ «Հեղափոխություն՝ ուղիղ եթերում»
Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում մասնավորապես ասված է․ «Նոր մեդիան ծառայեց որպես արձագանքի հարթակ 2018-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» համար, որի արդյունքում իշխանության եկավ նախկին լրագրող։ Մամուլի համայնապատկերը բազմազան է, սակայն բևեռացված, և գլխավոր հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերի հետ։ Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունն ու մամուլի ոլորտում սեփականատիրության թափանցիկությունը շարունակում են լինել մեծ մարտահրավեր։
Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել հնարավորությունները, որոնք կորսվել են դեպի թվային հեռուստատեսություն անցման ժամանակ, որը հակասական կերպով սահմանափակել է շրջանային ալիքների թիվը։ Կառավարությունը պետք է նաև զերծ մնա «կեղծ լուրերի» դեմ պայքարում չափից դուրս մեծ ջանքերի գործադրումից։ Կառավարության կողմից այս նպատակով անվտանգության ծառայության օգտագործումը, որի հետևանքով սոցիալական մեդիայի օգտատեր է ձերբակալվել, մտահոգություն է առաջացնում։ Հետաքննական լրագրությունը, որը ծաղկում է առցանց տիրույթում, կարող է կարևոր դեր խաղալ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասված է զեկույցում։
Ընդհանուր առմամբ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, աշխարհում լրագրողների նկատմամբ ատելությունը վերաճում է բռնության, որն էլ դառնում է վախի աճի գործոն։
«Երկրների թիվը, որոնք կարող են համարվել «հուսալի», որտեղ լրագրողները կարող են աշխատել բացարձակ անվտանգ պայմաններում, կրճատվում է։ Մինչդեռ ավտորիտար վարչակարգերը շարունակում են ուժեղացնել իր ազդեցությունը լրատվամիջոցների վրա»,- նշում են համաթվի հեղինակները։
2019-ի համաթվի առաջատարը երրորդ տարին անընդմեջ Նորվեգիան է, որին հետևում է Ֆինլանդիան, ապա՝ Նիդերլանդները։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա համաթիվը հրապարակվում է 2002-ից, ներառում է 180 երկիր և տարածք։ Գնահատման հիմքում ընկած է բազմակարծության, լրատվամիջոցների անկախության, ինքնագրաքննության, տեղեկատվության արտադրության ենթակառուցվածքների թափանցիկությունն ու որակը։