Իսկ ո՞վ է բռնելու ԱԱԾ ձեռքը

Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն բացահայտումներ է անում տարբեր գերատեսչություններում, սակայն տեղեկություններ չկան, թե ինչ քրեական գործեր են հարուցվել և ինչ բացահայտումներ են իրականացվել հենց ԱԱԾ-ում։

Ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանին, որը, ըստ ԱԱԾ-ի, խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Խոսքը հեմոդիալիզի սարքերի գնման գործով հարուցված քրեական գործի մասին էր, որին մաս էին կազմում ՊՎԾ որոշ աշխատակիցներ և «Զորաշեն» ՍՊԸ-ն։ Այս գործը Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների ներգրավմամբ թերևս ամենախոշոր գործն է, իսկ գործի հիմքում այն փաստն է, որ մի շարք պետական բժշկական հաստատություններ փոխել են իրենց գնման տեխնիկական բնութագրերը այնպես, որ միայն «Զորաշեն» ընկերությունը կարողանա դրանք մատակարարել, իսկ ըստ ԱԱԾ-ի, ՊՎԾ որոշ աշխատակիցներ փոխկապակցված են այս ընկերության հետ։ Նախկինում մատակարարումներն իրականացրել էր գերմանական «Ֆրեզեն» ընկերությունը, որը հետագայում հայտարարել էր, որ ՊՎԾ-ն փորձել է խլել իրենց բիզնեսը։ Դավիթ Սանսարյանն էլ անդրադառնալով այս մեղադրանքին՝ հայտարարել էր, որ մենաշնորհի առկայություն թույլ չեն տալու։ Գործով սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը։

Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունից ի վեր ԱԱԾ-ն մեկը մյուսի հետևից բացահայտումներ ու քննչական գործողություններ է իրականացնում տարբեր գերատեսչություններում ու ընկերություններում։ Այսպես՝ անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՊՆ մատակարարումների ոլորտում խոշոր չափերի յուրացումների համար քրեական գործ է հարուցվել մատակարարումները պատշաճ չիրականացնելու համար։ Ավելի ուշ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պատճառված վնասը սկսել է վերականգնվել։

ՊՆ-ում ԱԱԾ-ն մեկ այլ գործով էլ էր քննչական գործողություններ իրականացնում․ խոսքը կաշառքի դիմաց 2018թ. զորակոչի ընթացքում տարկետում կամ բժշկական հիմքով ազատում ձևակերպելու մասին էր։

Դրան հաջորդեցին ստուգումները Երևանի քաղաքապետարանում։ Վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառք ստանալու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ Այս դեպքին նախորդել էր ԱԱԾ քրեական գործը Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ի հետ կապված։

ԱԱԾ-ում բացահայտումներ չկան

Մեկ տարվա ընթացքում, սակայն, տեղեկություններ չկան, թե ինչ քրեական գործեր են հարուցվել և ինչ բացահայտումներ են իրականացվել հենց ԱԱԾ-ում։

Ազգային անվտանգության ծառայությունում լուրջ ունեցվածքի տեր ԱԱԾ-ականները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք քիչ չեն։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նշանակումից հետո նրա ընտանիքի բիզնեսների մասին հրապարակումներ եղան։ Ըստ Հետքի՝ Վանեցյանի հայրը՝ Հայաստանում ծաղիկներ ու դեկորացիաներ ներմուծող «ԱՎ գրուպ» ընկերության բաժնետերն է, բաժնետեր է նաև «Էյ բի տրանս» ընկերությունում։ Արթուր Վանեցյանի հայրը 50 տոկոս մասնակցություն ունի «Էյ բի էքսպորտ» ընկերությունում, որը զբաղվում է դիզելային վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով։ Երևանի Դեմիրճյան 62 հասցեում է գտնվում Արթուր Վանեցյանի կնոջ՝ Նոնա Վանեցյանի հիմնած «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը, որը զբաղվում է նախադպրոցական կրթության մատուցմամբ։ Քանի որ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյա է, նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ներկայացրել է գույքի, ունեցվածքի հայտարարագիր, որից պարզ է դառնում, որ 2017-ին Գագիկ Վանեցյանը ձեռք է բերել երկու բնակելի տուն՝ մեկը 48, իսկ մյուսը՝ 198 միլիոն դրամ արժողությամբ, նաև Mercedes-Benz C200 մակնիշի մեքենա՝ 22 միլիոն դրամով։ Գագիկ Վանեցյանը շահաբաժիններից ունեցել է 474 միլիոն դրամ եկամուտ։

ԱԱԾ պետի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը, որ մինչ այդ պաշտոնը ստանձնելը ԱԱԾ-ում այլ պաշտոն էր զբաղեցնում, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է անշարժ գույքի չորս տեսակ՝ բնակարան բազմաբնակարան շենքում, անհատական բնակելի տուն, ավտոտնակ և հողամաս, 7 միլիոն դրամը գերազանցող ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա՝ Kia Sorento և GAZ 24 մակնիշի։ Բացի այդ՝ Մարտիրոսյանի դրամական միջոցները կազմել են 95 000 դոլար, 20 000 եվրո և 20 միլիոն դրամ։ 2018-ին Մարտիրոսյանը ստացել է երկու վարկ՝ մեկը 10, իսկ մյուսը 1 միլիոն դրամի չափով։

ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանի ունեցվածքը 2018-ին 2017-ի համեմատ աճել է։ Եթե 2017-ին Աղաջանյանը հայտարարագրել էր 16,5 միլիոն դրամ և 85 000 դոլար, ապա 2018-ին այն դարձել է 18 միլիոն դրամ և 100 000 դոլար։ Աղաջանյանը նաև 15 000 դոլարի նվիրատվություն է ստացել, 146 միլիոն դրամ ու 44 000 դոլար էլ փոխառություն ստացել։

ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ավագ քննիչ է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի աղջիկը՝ Լուսինե Ղարամյանը։ Ղարամյանը ամուսնու՝ Լիպարիտ Եղոյանի հետ 2018-ին ձեռք է բերել 84 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք։ Լուսինե Ղարամյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 10 000 դոլար։ Նրա ամուսնու՝ Լիպարիտ Եղոյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են 156 000 դոլար և 28 միլիոն դրամ։

Քննչական դեպարտամենտի հատուկ կարևոր գործերով քննիչ Արա Խալաթյանի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմել է 340 000 դոլար և 8 միլիոն դրամ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել