124 մլն դրամը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում․ Լիլիթ Մակունց

«Տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ և, այո՛, ես կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» նշելու համար պետք է հատկացնել գումար»․ ապրիլի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 մլն դրամ հատկացնելու փաստը:

«Բայց այստեղ մի կարևոր շեշտադրում կա՝ «Քաղաքացու օրը» նշվելու է, և այդ գումարը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում: Պետք է փորձենք հնարավորինս ապակենտրոնացնել տոնակատարությունների անցկացումը, և միևնույն ժամանակ ավելի սեղմ գումար հատկացնել»,- ասել է Լիլիթ Մակունցը։

Կառավարության ապրիլի 18-ի նիստում որոշվեց Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն դրամ։ Այս հարցը չզեկուցվող էր, ըստ այդմ չի քննարկվել։

Նախագծում միջոցառումների մասին մանրամասներ չկան, միայն գրված է, որ Քաղաքացու օրն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում։

Մեկնաբանել