Ասել ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ քաղաքական պատվեր է իրականացվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ։

«Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Թեև ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի փաստերը հասանելի չեն, Լենա Նազարյանն ասում է, որ վստահում է ԱԱԾ-ի գործողություններին։

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»,-նշեց ԱԺ փոխնախագահը։

Ապրիլի 18-ին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Վերջինս հայտարարել է, որ իր դեմ «իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի»։

Մեկնաբանել