Վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը․ խոսնակը՝ Սանասարյանի գործի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է ԱԱԾ քննիչի՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու միջնորդությունը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Վարչապետը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին ապահովել ՀՀ ազգային անվտագության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետի 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,- հայտնեց Կարապետյանը՝ միաժամանակ շեշտելով. «Վարչապետը չի պատրաստվում և մտադրություն չունի պաշտոնանկ անելու Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը»։

Ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանին, որը, ըստ ԱԱԾ-ի, «խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ»։ Սանասարյանը հայտարարել է, որ իր դեմ «իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի»։

Գևորգ Թոսունյան