Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքի վերականգնելու մասին

Ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց օգտատերերի խնդրանքին՝ վերականգնելու դրոշի նկատմամբ անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած մաքսատան աշխատակցին։ «Ես համարում եմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ միգուցե այդ քաղաքացու համար «դոզան շատ էր»։

Փաշինյանը հիշեցրեց նաև Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացին անձամբ էր անցել ճամպրուկների սկանավորման համար նախատեսված սկաների միջոցով։ Դրանից հետո մաքսատան աշխատակիցները հեռացվել էին աշխատանքից։

«Դրոշի հետ կաված միջադեպն ու այդ դեպքը նույն երևույթն են, մի երևույթի տարբեր կողմերն են։ Այն դեպքում անարգել են քաղաքացուն, այս դեպքում դրոշը։ Առանց քաղաքացի դրոշ չկա ու առանց դրոշ քաղաքացի չկա։ Մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, ու դրանից բխում են շատ երևույթներ»,- պատասխանեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ «միգուցե այդ անհատի համար դոզան շատ էր», սակայն դա ուղերձ էր պետական բոլոր պաշտոնյաներին։

Անդրադառնալով քննադատություններին, որ ինքը դու-ով է խոսել մաքսատան աշխատակցի հետ, Փաշինյանը հիշեցրեց, որ դու-ով է խոսել շարժման ամբողջ ընթացքում, «դու-ով են խոսում նաև Աստծո» հետ։

Մարիա Եղիազարյան