Չենք կարող ասել՝ եկեք Սահմանադրությունը գցենք մի կողմ, գնանք հեղափոխական դատարաններով

Վարչապետ նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց օգտատերերի ավելի քան 20 ամենաշատ լայք ստացած հարցերին։  

Օգտատերերից մի քանիսին հետաքրքրել էր, թե ինչու՞ է հեղափոխությունից հետո ազատության մեջ Սերժ Սարգսյանը։ Փաշինյանը պատասխանեց՝ եթե վերջինիս մեղադրանք առաջադրելու հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ դրա համար չի լինի։

Փաշինյանը վստահեցրեց՝ եթե այդ հարցի ենթատեքստն այն է, որ ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյանի հետ, նման բան չկա.

«Սիրելի հայրենակիցներ, ես չեմ կարող այդպիսի որևէ խաղիկների մեջ մտնել, սա եկեք մեկընդմիշտ արձանագրենք։ Այն պահին, երբ մեղադրելու համար հիմքեր լինեն, դրա համար քաղաքական խոչընդոտ չի լինի։ Հեղափոխության ժամանակ ես խոստացել եմ, որ վենդետաներ չեն լինելու, բայց լինելու է արդարադատություն, լինելու է օրինականություն»։

Փաշինյանը պատմեց, որ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի տանը խուզարկության կադրերի հրապարակումից հետո որոշ՝ ակնհայտորեն կոռումպացված օլիգարխների տանը խուզարկություններ են կատարվել, սակայն անգամ նրանց տներում 1000 դրամ գտնել հնարավոր չի եղել, քանի որ դրանք թաքցրել են, ու գողոնը գտնելը հեշտ չէ, աշխատանք է պահանջում։

«Բավարար չափով խիստ եմ նախկին թալանչիների հանդեպ այն սրբագրումով, որ իմ խստությունը պետք է պարտադիր կերպով լինի սահմանափակված օրենքներով ու սահմանադրությամբ։ Չենք կարող ասել՝ եկեք Սահմանադրությունը գցենք մի կողմ, գնանք հեղափոխական դատարաններով»,- պատասխանեց Փաշինյանը։ Նա նաև հայտարարեց՝ շատ գործերի քննության տեմպն իր սրտով էլ չէ, բայց իր գործը այդ գործերի քննման քաղաքական նորմալ պայմանների ապահովումն է։

Անցումային արդարադատություն

Ինչու՞ ուժի մեջ չի մտնում անցումային արդարադատության գաղափարը։ Պատասխանելով այս հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա մեկ, երկու կամ երեք ամսվա աշխատանք չէ․ «Անցումային արդարադատությունը բազմաթիվ էլեմենտներ ունի, մենք կարող ենք ունքը սարքելու տեղը աչքը հանել»։

Վարչապետը հիշեցրեց՝ իրենք չեն կարող բոլորին դատել ու բոլորին ենթարկել անցումային արդարադատության, քանի որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ մարդիկ հետագայում կարող են դիմել ՄԻԵԴ, ու պրոցեսները կարող են հետ պտտվել։ Նիկոլ Փաշինայնը հայտարարեց՝ անցումային արդարադատության իրականացմանը պետք է օժանդակի նաև խորհրդարանը, այդ թվում խորհրդարանում ընդգրկված ընդդիմադիր խմբակցությունները։

Մկրտիչ Կարապետյան