Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ․ Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

Երեկ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել ՊՎԾ աշխատակիցներին՝ կոչ անելով «մնալ իրենց գործի նվիրյալը»։

«Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին

Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ,

Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։

Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։

Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը…

Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»,- գրել է Սանասարյանը։