Արմեն Գրիգորյանը՝ իր ձերբակալության ու քննիչի հետ խոսակցության մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է, թե ինչպես հեղափոխության օրերին՝ 2018թ․ ապրիլի 23-ին, իրեն ձերբակալեցին և ինչպես ընթացավ քննիչի հետ խոսակցությունը։

Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր…

Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:

Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում:

Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը և փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, և դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երևի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, և համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երևի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել… Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է:

Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձևը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքևի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերև, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երևի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է և պայքար է բոլորի բարեկեցության համար:

Մեկնաբանել