Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հարց է, որ պետք է լինի Հայաստանի օրակարգում, «բայց մեր դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ»։ Վարչապետ Փաշինյանը ապրիլի 23-ին ծավալուն հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և ի շարս տարբեր հարցերի՝ պատասխանել Թուրքիայի հետ հարաբերությունների և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցերին։ Զրույցի այդ հատվածը՝ ստորև։
– Պարոն վարչապետ, Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններն են, փակ սահմանները։ Մենք պե՞տք է ձեռքներս ծալած նստենք, թե՞ մեր կողմից պետք է ինչ-որ քայլեր արվեն այս աննորմալ վիճակը հաղթահարելու համար։ Խոսքը նրա մասին չէ, որ մենք ուղերձներ հղենք թուրքերին, որ նրանք ավելի լավ տրամադրվեն։ Պարզապես ի՞նչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար։ Դուք մտածո՞ւմ եք այս մասին։ Սերժ Սարգսյանը մտածեց, որ կարող է սկսել ֆուտբոլային դիվանագիտություն։ Լավ էր, վատ էր, քննադատվեց, բայց այնուամենայնիվ քայլ էր, որ արվեց։ Դուք ի՞նչ եք մտածում։
– Գիտեք, ես կարծում եմ, որ առաջին ամենակարևոր խնդիրը Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է և Հայաստանի ձայնը ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար ավելի լսելի դարձնելը։ Ես կարծում եմ, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եվ սա կարևոր է բոլոր հարաբերություններում որոշակի արդյունքներ ունենալու համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Կարծում եմ, որ մենք նաև ինչ-որ առումով պետք է զուսպ լինենք այս առումով, որովհետև հարաբերությունների կարգավորումը ինչքան պետք է Հայաստանին, այնքան էլ պետք է Թուրքիային։ Եվ մենք, այսպես ասած, ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք, չնայած դա հարց է, որ պետք է լինի մեր օրակարգում։ Բայց մեր դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ։ Եվ առաջին հերթին պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա։ Եվ այս առումով Հայաստանի միջազգային հեղինակությունը և հարգանքը Հայաստանի նկատմամբ պետք է շարունակաբար մեծանա։
– Քանի որ խոսեցինք հայ-թուրքական հարաբերությունների մասին, նրա կարևորագույն բաղադրիչի մասին եմ ուզում խոսել, մանավանդ, որ Ձեր ընդդիմադիրները քննադատում են Ձեզ, ասում են՝ մի տարի է անցել, Դուք Հայոց ցեղասպանության մասին ո՛չ խոսում եք, ո՛չ բան։ Վաղն էլ Ապրիլ 24-ն է։ Ի՞նչ կասեք։
-Ո՞վ է ասում։ Հայոց ցեղասպանության մասին մեր կառավարության ծրագրում շատ հստակ ընդգծված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է շարունակվի։ Այդ գործընթացը գնում է։ Իտալիայի խորհրդարանը վերջերս ընդունեց [ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը – խմբ․]։ Ընդ որում, մենք ասում ենք՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների խնդիր է, որքան գլոբալ անվտանգության խնդիր, որովհետև ցանկացած ցեղասպանության ճանաչում նաև շատ կարևոր քայլ է այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը մեր ներդրումն է նաև ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործում։
Մարիա Եղիազարյան
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև․