Հայաստանը կարող է միջնորդ լինել ռուս-ուկրաինական հարաբերություններում

Ռոբերտ Ղազինյանը Մագդեբուրգի համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության բաժնի մագիստրոս է:Ռոբերտ Ղազինյան

Հայ-ուկրաինական հարաբերությունները պետք է դիտարկվեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, այլ ունենան սեփական տրամաբանությունը ու զարգացման դրական դինամիկան։ Վոլոդիմիր Զելենսկու ընտրությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում կարող է հնարավորություն բացել վերաիմաստավորելու հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական հարաբերություններում։

Ուկրաինական ընտրություններ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 21-ին գրանցեց բոլորի կողմից անակնկալ գնահատվող, բայց կարծես թե արդեն սպասված արդյունքներ: Նախագահ ընտրվեց դերասան և հաջողակ գործարար Վոլոդիմիր Զելենսկին՝ դառնալով հետխորհրդային տարածքում նոր քաղաքական էլիտայի ներկայացուցիչ: Նա  խոստացել է լրջագույն համակարգային փոփոխություններ իրականացնել երկրում, այդ թվում՝ լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Պարզ է, սակայն, որ Զելենսկու ամենամեծ մարտահրավերներից մեկը լինելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բախումների դադարեցումը Դոնբասի շրջանում և Ղրիմի թերակղզու կարգավիճակի հարցը: Զելենսկին արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս գալ բանակցությունների նորմանդական ֆորմատից, շարունակելու է Մինսկի գործընթացը և պատրաստ է շփվել Ռուսաստանի հետ:  Նշաններ կան, որ Ռուսաստանը ևս շահագրգռված է Ուկրաինայի հետ շփումներով և իրավիճակի կայունացմամբ: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինայի համար հնարավորություն է ստեղծվել վերբեռնում իրականացնել (перезагрузка), իսկ վարչապեստ Դմիտրի Մեդվեդևը Թվիթերում գրել է, որ հնարավոր է ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելավումը:

Հայ-ուկրաինական հարաբերություններում՝ հնարավորությունների պատուհան

Սա ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար: Հայ-ուկրաինական հարաբերությունները վերջին տարիներին և հատկապես ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո բավական սառը վիճակում են: Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վարել այնպիսի քաղաքականություն, որը կարող է Մոսկվայում ընկալվել որպես հակառուսական: Այնուամենայնիվ, հայ-ուկրաինական հարաբերությունները ևս շատ կարևոր են՝ հաշվի առնելով  Ուկրաինայի մեծ հայ համայնքը և ավանդական կապերը երկու պետությունների միջև: Այդ հարաբերությունները պետք է դիտարկվեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, այլ ունենան սեփական տրամաբանությունը ու զարգացման դրական դինամիկան: Այս առումով ողջունելի է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թվիթերում արված շնորհավորանքը Զելենսկուն՝ որպես Ուկրաինայի հանդեպ բարիդրացիական վերաբերմունքի արտահայտում:

Միջնորդ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Ստեղծված իրավիճակում հետաքրքիր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար, որոնք ճիշտ օգտագործման պարագայում, քաղաքական օգուտներ կբերեն մեր երկրին: Մասնավորապես, Հայաստանը կարող է  «խաղաղության միջնորդ» դառնալ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Իհարկե, կան պաշտոնական հարթակներ, որտեղ ընթանում են բանակցություններ, և Հայաստանը կարող է ակտիվացնել այդ գործընթացը սեփական՝ ավելի փոքր նախաձեռնություններով, պաշտոնական կապերով և ոչ պաշտոնական դիվանագիտությամբ: Նման մոտեցումը դրական կընդունվի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում, քանզի երկուստեք ակնհայտ է իրավիճակի լարվածությունը նվազեցնելու ցանկություն:

Չի կարելի պատրանքներ ունենալ, որ Հայաստանի դիրքորոշումը կունենա որոշիչ նշանակություն այս հարցում, քանի որ տարաձայնությունները շատ խորն են, իսկ կողմերը՝ ռադիկալացված: Հայաստանը, սակայն, կարող է ջանքեր գործադրել և դերակատարում ունենալ լարվածության նվազման և ռուս-ուկրաինական երկկողմ շփումների ինտենսիվացման գործում:

Հարց կարող է ծագել, թե ինչու հենց Հայաստանը: Պատասխանն ունի մի քանի հիմնական փաստարկ։

1. Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Հայաստանի ներքին կյանքում, այլև երկրի՝ աշխարհաքաղաքական նշանակության և գործընկեր պետությունների կողմից ընկալման առումով: Հայաստանի իշխանությունները հարգանք են վայելում  միջազգային ասպարեզում՝ անկախ աշխարհաքաղաքական դիրքավորումներից: Հարգանքի գործոնը չափազանց կարևոր է յուրաքանչյուր հաջողված միջնորդության համար, քանզի կողմերը պետք է վստահ լինեն, որ իրենց չեն խաբում և միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մտահոգությունը ազնիվ է և իրական: Այս առումով ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելավումը ոչ միայն լոկ մարդասիրական նշանակություն ունի, այլև բխում է Հայաստանի երկարաժամկետ շահերից, քանզի չեզոքացնում է աշխարհաքաղաքական բաժանման մեկ շատ կարևոր օջախ:

2. Հայաստանի վարչապետը ունի լավ հարաբերություններ Ռուսաստանի նախագահի հետ և մտադրված չէ այդ հարաբերությունները փչացնել: Թեպետ որոշ շրջանակներ խոսում էին հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն նրանց կանխատեսումները չափազանց հոռետեսական էին, և չիրականացան: Առաջացան որոշ խնդիրներ երկկողմ շփումներում, սակայն դրանք չունեցան անդառնալի հետևանքներ մեծ հաշվով այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան հասկացավ, որ Հայաստանի քայլերը ուղղված չեն Ռուասատանի դեմ և իրենց մեջ չեն պարունակում «դավադիր նպատակներ»:  Հայաստանի ակտիվացումը ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելամանը նպաստելու գործում ևս մեկ անգամ կցուցադրի, որ Հայաստանի նոր իշխանությունները ոչ միայն հակառուսական չեն, այլև պատրաստ են աջակցել Ռուսաստանի և նրա հարևանների միջև հակասությունների հաղթահարմանը, ինչը դրական կգնահատվի Մոսկվայում:

Նիկոլ Փաշինյան և Վոլոդիմիր Զելենսկի․ նմանություններ

Զելենսկու պարագայում նրա և Փաշինյանի միջև շփումներ դեռևս չեն եղել, սակայն դատելով որոշակի նշաններից՝ կարելի է եզրակացնել, որ այդ շփումը կլինի հաջողված: Մասնավորապես, Զելենսկին չի համարվում հակառուսական գործիչ, ինչպես Պորոշենկոն, և նույնիսկ նախընտրական քարոզարշավի զգալի մասը անցկացրել է ռուսերենով: Սա չի նշանակում, որ նա շրջադարձ կանի Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դիրքորոշման մեջ, սակայն հավանականությունը մեծ է, որ այդ դիրքորոշումը չի դառնա ավելի ռադիկալ, եթե ավելի չմեղմանա: Այս հանգամանքը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի ակտիվացման համար, քանզի կապերի հաստատման ավելի  մեծ հնարավորություններ են առաջանում և նվազում են նմանատիպ ներգրավման արդյունքում առաջացող ռիսկերը:

Բացի այդ, Զելենսկին և Փաշինյանը նոր սերնդի քաղաքական գործիչներ են և թեպետ ունեն տարբեր կենսագրություններ, շատ առումներով նման են միմյանց: Մասնավորոապես երկուսն էլ մեծ աջակցություն են վայելում երիտասարդների շրջանում, ակտիվ կիրառում են նոր տեխնոլոգիաները՝ սոցցանցերը իրենց շփումներում մարդկանց հետ, առանձնանում են քաղաքական և PR հետաքրքիր լուծումներով: Իսկ ամենակարևոր նմանությունն այն է,  որ երկուսն էլ հետխորհրդային հանրապետություններում նոր առաջնորդներ են և ընտրվել են ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրողների՝ ավելի քան 70%-ի աջակցությամբ: Սրանք բնական նմանություններ են, որոնք անկախ հայ-ուկրաինական ներկա հարաբերությունների վիճակից, հիմք են անձնական լավ փոխըմբռնման համար:

Այսպիսով, ունենալով լավ հարաբերություն Պուտինի և հնարավոր լավ հարաբերություններ Զելենսկու հետ, Փաշինյանը կարող է դրանք օգտագործել երկուսի միջև վստահության մթնոլորտ հաստատելու համար: Հատկանշական է, որ հետխորհրդային շրջանում այս դերը պարբերաբար ստանձնում էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, երբ Մինսկը միջնորդ էր դառնում հետխորհրդային զանազան կոնֆլիկտներում: Վերջինիս դերը, սակայն, նվազել է նաև այն պատճառով, որ վատթարացել են հարաբերությունները Ռուսաստանի և Բելոռուսի միջև՝ հասնելով այն մակարդակի, որ բելառուսական որոշ ապրանքների ներմուծումը ռուսական շուկա արգելվել է:

Հայաստանի «միջնորդության» նպաստավոր լինելու երրորդ փաստարկն այն է, որ Հայաստանը ինքը արդեն մոտ երեսուն տարի ներգրավված է հակամարտության մեջ և հսկայական փորձ է կուտակել միջազգային հարթակներում շփումների, միջնորդական առաքելության յուրահատկությունների, ինչպես նաև հակամարտության մյուս կողմի հետ բանակցություններ վարելու առումով: Այս փորձը կարող է արժեքավոր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար, քանի որ ինչպես Ղարաբաղյան հակամարտությունը, այնպես էլ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը տեղի է ունենում հարևանների միջև: Իհարկե, երկու կոնֆլիտկները շատ տարբեր են իրենց պատճառների, պատմության, ընթացքի և լուծման հնարավորությունների առումով, և չի կարելի նույնացնել դրանք: Հնարավոր է, սակայն, որ Հայաստանը սեփական փորձի հիման վրա մոտեցնի հակամարտող կողմերի դիրքորոշումները և չեզոքացնի այն բացասական զարգացումները, որոնք կարող են լինել շփումների ընթացքում: Ընդ որում, Հայաստանի ներգրավումը կարող է լինել նաև երկու երկրների հասարակական, քաղաքացիական և լրատվական շրջանակների հետ:

Թեպետ յուրաքանչյուր միջնորդական գործունեություն իր մեջ նաև ռիսկեր է պարունակում հենց միջնորդի համար, և պետք է իրականացվի շատ մտածված, նուրբ ու հաշվարկված քայլերով, սակայն առավելությունները ևս շոշափելի են: Մասնավորապես, որդեգրելով նման գործելաոճ՝ Հայաստանը միջազգային պասիվ խաղացողից վերածվում է պրոակտիվ գործոնի՝ նպաստելով միջազգային խաղաղության և կայունության ամրապանդմանը Եվրոպական աշխարհամասում: Սա ինքնին հարգանքի արժանի և վստահություն առաջացնող գործառույթ է, որը խոսում է պետության ու քաղաքական առաջնորդների հասունության և հեռատեսության մասին, քանի որ ժամանակակից աշխարհում սեփական պետության շահի պահպանումը շատ հաճախ ենթադրում է ներգրավվածություն միջազգային այլ խնդիրներում:

Խոսքը որևէ բանակցային նոր հարթակ ստեղծելու կամ նույնիսկ եղածում Հայաստանը մտցնելու մասին չէ: Ավելի շուտ, խոսքը այս ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքական փիլիսոփայության փոփոխության և ստրատեգիական ակտիվացման մասին է: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով, ինչպես օրինակ միջազգային զանազան հարթակներում ռուս-ուկրաինական հաշտության պաշտոնական և ոչ պաշտոնական լոբբինգ, երկկողմ կամ եռակողմ հանդիպումների կազմակերպում, երեք երկրների առաջնորդների հանդիպումներում այս հարցի արծարծում և Հայաստանի դիրքորոշման հստակ ձևակերպում, Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հասարակական և քաղաքացիական տարբեր շերտերի հանդիպումների, շփումների կազմակերպում:

*** 

Ռոբերտ Ղազինյանը Մագդեբուրգի համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության բաժնի մագիստրոս է: Աշխատել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի խաղաղարարական բաժնում՝ որպես ծրագրերի օգնական-համակարգող: