Վարչապետը պարզաբանել է 50 000 աշխատատեղերի հարցը

Հայաստանում հեղափոխությունից հետո ստվերից դուրս է բերվել և կամ ստեղծվել է ավելի քան 50 000 աշխատատեղ։ Այs մասին ապրիլի 27-ի իր ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացրեց նաև ՊԵԿ-ի կողմից իրեն տրամադրված տեղեկանքը, թե որ ոլորտներում են եղել աշխատատեղերի աճ։

Ապրիլի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողովում (ԵԽԽՎ) իր ելույթում նշել էր, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է 50 000 աշխատատեղ։

Այսօրվա ուղիղ եթերում վարչապետը նշել է՝ առաջին վարկածն այն է, որ այդ աշխատատեղերի մի մասը գործել է ստվերում, և միայն հեղափոխությունից հետո դրանք ստվերից դուրս են եկել։ Ստվերից դուրս եկած և նոր ստեղծված աշխատատեղերի տարբերակումը, ըստ նրա, ավելի խորը վերլուծություն է պահանջում։ Ըստ ՊԵԿ ներկայացված տեղեկանքի՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգման ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ եղել է ավելի քան 16 000 աշխատատեղի աճ։ Նույն ժամանակահատվածի համար մշակող արդյունաբերության ոլորտում ավելացել է 9 500 աշխատատեղ, իսկ կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8300-ը։

Փաշինյանը բացառում է, որ այս թվերը կարող են իրական չլինել, քանի որ «ձևավորվել են ընկերոթյունների, ձեռնարկությունների հարկային հաշվետվությունների հիման վրա»։

«Ես սա համարում եմ ոչ թե կառավարության գործունեության հաջողությունը, այլ ես սա համարում եմ մեր գործարարների, մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հետևանք կամ իրավիճակի գիտակցման արդյունք։ Մարդիկ իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում»,- ասաց Փաշինյանը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել