Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 25-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի տիրապետում արցախյան կարգավորման թեմայով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների մանրամասներին․ հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Բայց Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Լավրովն ու Գրեմինգերը քննարկել են հումանիտար քայլերի հարցը, որի մասին պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կողմերը և պատրաստ են արդյոք աջակցել դրա իրականացման գործում։
Զախարովայի խոսքով` նա կարող է տեղեկությունը ճշտել փորձագետներից, որոնք ներկա են եղել հանդիպմանը և պատասխանել այդ հարցին։ Իսկ այս պահին կարող է միայն հաստատել ավելի վաղ հնչեցրած ընդհանուր գնահատականները։
Լրագրողի կողմից մեջբերած Գրեմինգերի հայտարարությանը, որում վերջինը հույս է հայտնում, որ Ռուսաստանը կօգտվի իր ազդեցությունից, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման համար, Զախարովան կարճ արձագանքեց. «Կաշխատենք պարոն Գրեմինգերին այդ հարցում չհիասթափեցնել»։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը առարկայական էր, հաջողվել է քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ, Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առկա մարտահրավերները, մասնավորապես` Կենտրոնական Ասիայում, Բալկաններում։
«Մենք քննարկել ենք պետությունների, կիբեռանվտանգությանը սպառնացող վտանգները և հստակ ցույց ենք տվել, որ Ռուսաստանը առանցքային խաղացող է եվրոպական անվտանգության խնդիրներում։ Ուրախ էի նման սուբստանտիվ և արդյունավետ մտքերի փոխանակում իրականացնել նախարար Լավրովի հետ», – նշել է Գրեմինգերը։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 24-ին։