Պեկինում կայացել է Պուտին-Ալիև հանդիպում (լրացված)

13։15

Այսօր Պեկինում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացմամբ։

«Մենք Ձեզ հետ պարբերաբար հանդիպում ենք, ունենք ոչ միայն կարծիքներ փոխանակելու, այլև միմյանց դիրքորոշումները, համատեղ աշխատանքը հստակեցնելու հնարավորություն։ Իմ կարծիքով՝ այն վատ չի ընթանում, զարգանում են առևտրատնտեսական կապերը։

Ինչ վերաբերում է առևտրին, ավելի քան 14 տոկոսով ավելացել է առևտրաշրջանառությունը և անցյալ տարի հասել է 2,5 մլրդ դոլարի։ Եվ միջազգային օրակարգում ունենք շատ հարցեր։ Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ օգոստոսին Ռուսաստանում անցկացնելու ենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթաժողովը»,- ասել է Պուտինը։

12։33

Այսօր՝ ապրիլի 26-ին, Պեկինում կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպումներ ունենալ նաև այս տարվա ամռանը-աշնանը․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ապրիլի 26-ին կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջերս առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասել է Ուշակովը։

Պեկինում ապրիլի 25-27-ն անցկացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժաղովը, որին մասնակցում են 40 երկրների և կառավարությունների ղեկավարներ։ Երկրների թվում են Ռուսաստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ավստրիան, Բելառուսը, Չեխիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Սերբիան, Տաջիկստանը և այլն։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը Չինաստանի միջազգային նախաձեռնություն է, որը միտված է Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկիր կապող առևտրատրանսպորտային միջանցքների ստեղծմանն ու կատարելագործմանը։ Դրանով, ըստ մտահղացման, խթանվելու են այդ երկրների և Չինաստանի միջև առևտրային կապերը։

«Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Աստանայում 2013-ին։ 2015-ին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները Կրեմլում բանակցությունների արդյունքներով ընդունել են հայտարարություն Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» զուգակցման վերաբերյալ։

Պեկինի համաժողովին Ղազախստանը ներկայացող հիմնադիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր ելույթում խոսել է վերոհիշյալ նախաձեռնությանը Եվրոպական Միության միանալու մասին՝ շեշտելով, որ դրանով Եվրասիայում կլիներ գլոբալ ինտեգրում՝ ձեռնտու բոլորի համար։

Մեկնաբանել