Սիրիայի հակակառավարական ուժերը հայկական զորախումբ են ստեղծել

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (ՍԴՈՒ) հայկական զորախումբ է ստեղծել, հաղորդում է Ամերիկայի ձայնի անգլալեզու ծառայությունը։

Ռադիոկայանը հիշեցնում է, որ ՍԴՈՒ-ն քրդերի կողմից ղեկավարվող բազմազգ ռազմական դաշինք է, որը կարևոր դեր է ունեցել Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Անցյալ ամիս ՍԴՈՒ-ն ազատագրել է Իսլամական պետության միջնաբերդ համարվող Baghuz քաղաքը Սիրիայի արևելքում։

Չորեքշաբթի տեղի է ունեցել հայկական զորախմբի ստեղծման արարողությունը։ «Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան և կպայքարենք այնքան ժամանակ, մինչև էթնիկական բոլոր հանրույթները Սիրիայի հյուսիսում և արևելքում ազատ լինեն և ստեղծեն ապակենտրոնացված Սիրիա։ Ժամանակն է Սիրիայում ստեղծել իսկական հայկական ուժ»,- ասել է զորախմբի հրամանատար Մասիս Մութանյանը

Սիրիայում 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմից ի վեր սա հայկական առաջին զորախումբն է, նշում է Ամերիկայի ձայնը։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարում՝ ՍԴՈՒ-ի զինվոր, Ռաքքա

Մեկնաբանել