Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մասով «Մարտի 1»-ի գործն ուղարկվել է դատարան

Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուղարկվել է դատարան։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա մասնավորապես ասաց. «Հաշվի առնելով հանրային հետաքրքությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։

Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Կարդացե՛ք՝

Մարտի 1-ի գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել