Կարեն Կարապետյանը առաջարկում էր, որ ինձ հետ գա հրապարակ․ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 22-23-ի մասին

Հանրային հեռուստաընկերությունը ֆիլմ է պատրաստել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ պատմում են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած հանդիպումների ու խոսակցությունների մասին։

Նիկոլ Փաշինյան – Երբ որ Սերժ Սարգսյանը դուրս եկավ [ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում] հանդիպումից, և ես հայտարարություն արեցի ու դուրս եկա, մեր կողմնակիցները, թիմակիցները այնտեղ էին։ Ու ես բոլորի դեմքերին լարվածություն տեսա, շատ մեծ լարվածություն կար։ Ես բոլորին էդ էի ասում՝ չե՞ք հասկանում՝ ամեն ինչ ավարտված է, չի կարող որևէ փոփոխություն լինել։

Երբ հասանք Հյուսիսային ավտոկայանին, շատ մեծ երթ էր մտնում Երևան, ու ես մի պահ հասցրի ապակին իջեցնել ու գոռացի մարդկանց, որ իրենք տեսնեն, որովեհտև եթե իրենք լսեին, կարող էին միանգամից փակել։ Բայց չհաջողվեց, արագ ապակին բարձրացրին։ Ու հետո գնացինք Սևանի ոստիկանություն։ Ճիշտն ասած՝ շատ հոգնած էի, բնականաբար, ևինչպես հետագայում պարզվեց, ջերմություն էլ ունեի։ Հետո, մի քանի ժամ ինչ-որ ձևակարերպումներ անելուց հետո, ինձ տարան խուց։ Ջերմաչափ ուզեցի, ջերմությունս չափեցի, տեսա, որ ջերմություն ունեմ, բայց շատ բարձր չէր՝ 37,8։ Իքս պահի ինձ արթնացրին, ասացին, որ հեռախոս ենք բերել, որ տեղյակ պահեք սահմանված կարգով ձեր գտնվելու մասին։ Ճիշտն ասած՝ զարմացա։ Զանգեցի Աննային, նախ հետաքրքրվեցի՝ ի՞նչ կա, ասաց, որ շատ մեծ հանրահավաք է եղել, այսինքն՝ պրոցեսը չի կանգնել։ Հանրահավաք է եղել, երևի աննախադեպ բազմամարդությամբ։

Տե՛ս նաև՝ Մեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Մեկ էլ ուղեկցեցին մի տեղ՝ բակ, որտեղ երևի մի երեսուն հոգի դիմակավորված ոստիկաններ էին կանգնած՝ Հատուկ նշանակության ջոկատը։ Հասկացա՝ ինչ է կատարվում, ինձ թույլ տվեցին, որ ասեմ, որ Սևանում եմ ու հենց տեղում տարան ուրիշ տեղ։ Ինձ բերեցին ձերբակալվածների պահման վայր, որից հետո եկավ [ԱԺ նախագահ] Արա Բաբլոյանը։ Իր ասածն այն էր, որ «դե, փորձենք ինչ-որ երկխոսություն և այլն»։ Ես ասացի՝ կարճ ասած՝ «ձև չկա»։ Խուց մտավ Հրանտ Մարգարյանը՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ։ Հրանտ Մարգարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հայտարարել այսօր, որ հոկտեմբերին հրաժարական կտա։ Ինչու հոկտեմբերին․ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինի, նոր։ Եվ դրանից հետո եկավ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանը առաջարկում էր, որ ինքը ինձ հետ գա Հանրապետության հրապարակ։ Այսինքն՝ գա հրապարակ և ինձ հետ բարձրանա հարթակ։ Ես ասում էի՝ բայց ո՞նց տենց, ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք էդ սցենարը գնաց, դու ո՞նց ես պատկերացնում՝ մարդիկ ի՞նչ կմտածեն հետո։ Մարդիկ կասեին, որ էս ամբողջ պատմությունը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանին․․․ այսինքն ներիշխանական ինտրիգ էր, որ Սերժ Սարգսյանին փոխարինեն Կարեն Կարապետյանով։

Այդ թեման ինձ մոտ եղել է՝ ես արդյոք պիտի լինեմ վարչապետի թեկնածու, թե ոչ։ Եվ, թերևս, վճռական գործոնը, հենց սա է եղել։

Արարատ Միրզոյան – Առավոտյան նորից դուռը բացվեց, և կարգադրեցին խցակցիս դուրս գալ, և ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանն ասաց․ «Իսկ դու հավատո՞ւմ ես, որ ես Հայաստանի լավն եմ ուզում»։ Ասացի՝ իհարկե, և անկեղծորեն, էդպես եմ կարծում։ Ասաց՝ էդ դեպքում գնանք միասին բանակցենք, հետո Սասուն Միքայելյանին էլ բերեցին։ Եվ Նիկոլ Փաշինյանը, Կարեն Կարապետյանը, ես և Սասուն Միքայելյանը սկսեցինք արդեն քննարկել, այսպես ասած, հրաժարականի պայմանները։

Նիկոլ Փաշինյան – Գնաց, զանգեց եկավ ու ասաց՝ հունիսին [Սերժ Սարգսյանի հրաժարականը]։ Ես ասացի՝ չէ, հնարավոր չի էդպիսի բան։ Եվ, էնտեղ չեմ հիշում՝ ինչպես եղավ, ես ասացի՝ ինձ մի հատ զանգի հնարավորություն տվեք։ Աննային զանգեցի։ Ասաց՝ էս պահին Արշակունյաց պողոտայով երթ ա, և առջևից քայլում են զինվորականներ։ Եվ ես ասացի, որ էսօր պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը, ուրիշ տարբերակ չկա։

Արարատ Միրզոյան – Եվ վերջին առաջարկը եղավ, որ արդեն ապրիլի 23-ի երեկոն։ Մենք նորից քննարկեցինք, և դա էլ մերժեցինք։ Ես նույնիսկ կատակեցի, ասեցի՝ «փակե՛ք դուռը, պարոն Կարապետյան, մենք բանտում ենք մնում», իսկ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ մեկ-երկու ժամ կտա։

Նիկոլ Փաշինյան – [Կարեն Կարապետյանը] Գնաց զանգեց, եկավ, ասաց՝ շատ լավ, էսօր հրաժարական կտա։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել