2017–18-ին Հայաստանի ռազմական ծախսերն ավելացել են 33%-ով. SIPRI

Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ նոր զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը 2018թ. ծախսել է 609 մլն դոլար, ինչը 33 տոկոսով գերազանցում է 2017թ. ցուցանիշը:

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանը 2018-ին ամենամեծ ռազմական բեռն ունեցող երկրների տասնյակում է՝ ՀՆԱ-ի 4,8 տոկոսով։ Տասնյակում ներառված են Սաուդյան Արաբիան (8,8 տոկոս), Օմանը (8,2 տոկոս), Քուվեյթը (5,1 տոկոս), Լիբանանը (5,0 տոկոս), Հորդանանը (4,7 տոկոս), Իսրայելը (4,3 տոկոս), Ալժիրը (5,3 տոկոս), Պակիաստանն (4,0 տոկոս) ու Ռուսաստանը (3,9 տոկոս)։

Հարևան Իրանը ռազմական ծախսերի մոտ 10 տոկոս կրճատում է արձանագրել՝ ծախսելով 13,2 մլրդ դոլար:

Նշվում է, որ Թուրքիան անցած տարում ռազմական ծախսերն ավելացրել է 24 տոկոսով՝ ցուցանիշը հասցնելով 19 մլրդ դոլարի: Այն ներառվել է ռազմական ծախսերի առումով առաջատար 15 պետությունների շարքում:

Ըստ SIPRI-ի՝ 2018թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ 1988թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշը:

***

Հայաստանի ռազմական բյուջեն տասը տարում՝ 2008-2018թթ․, գրեթե կրկնապատկվել է։ 2008-ին այն կազմել է մոտ 121 մլրդ դրամ՝ մոտ 247 մլն դոլար։

Հայաստանի 2018-ի բյուջեի նախագծով ռազմական պաշտպանության համար նախատեսված է եղել մոտ 240 մլրդ դրամ՝ մոտ 489 մլն դոլար։ 2019թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացվում է 302 մլրդ դրամ (620 մլն դոլար):

Մեկնաբանել