Ձեռքս կկտրեմ, եթե իմ կողմից կաշառք ստանալու տեսանյութ լինի․ Սանասարյան

Եթե իմ կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տեսանյութ լինի, ես ձեռքս կկտրեմ․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի դեմ մեղադրանք է առաջադրվել։

Նրա խոսքով՝ «սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, որն արվում է, քանի որ տեսնում են՝ իրեն վստահողների մեծ բանակ կա»։

«Մարդիկ չեն հավատում, որ ես կարող եմ լինել կոռուպցիոն դրսևորումների մասնակից»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ ինքը սովոր է նման վիճակների և ներողամտությամբ է վերաբերվում դրանց։

«Գիտեք, որ դատախազությունը մեմածամասամբ մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը տվել ենք»,- նշեց նա։

ՊՎԾ ղեկավարը նշեց, որ իրենք պնդում են, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտմամբ է անցկացվել հեմոդիալիզի պարագաների մրցույթը, երկու անգամ թանկ են վաճառում պետությանը, աշխատում են գերշահույթով։

Այս համատեքստում նա անդրադարձավ «Հետք» պարբերականի հրապարակմանը՝ «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերնագրով և նկատեց, որ խոսքը սրա մասին է, և եթե լինի մրցակցություն, պետությունն ավելի քիչ կվճարի։

«Երբ մեր առաջարկը բժշկական կենտրոնն ընդունել է, պետությունը մի մրցությի մասով 13 մլն դրամ է շահել։ Վանաձորի ԲԿ-ն չընդունեց մեր առաջարկը և նախորդ հունով շարժվեց, ինչի արդյունքում 30 տոկոս ավելի թանկ գնով տեղի ունեցան գնումները»,- ասաց Սանասարյանը։

«Ես վստահ եմ, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։ Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար։ Ասում եմ, որ այստեղ կա խնդիր»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։

***

Օրերս Դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով, հարուցվել է երկու քրեական գործ։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը մեղադրանքը շինծու էր որակել:

Մեկնաբանել