Այսօր Երևանում մեկնարկած՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին քննարկվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերության, առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր․ հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծման հարցին, քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Քննարկման օրակարգում էր նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրման հարցը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` «ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում ինտերնետ առևտրի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՀ հաշվետվությունը հանձնաժողովի 2018 թ. ընդունած որոշումների ազդեցության գնահատականի վերաբերյալ և առաջարկություններ ապրանքների դուրսբերման դեպքում ծագման երկրի որոշման միասնական մոտեցումների ձևավորման առնչությամբ:
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:
Նիստին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․
«Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։
Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։
Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։
Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։
Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»։