Մայիսի 5-ին` ժամը 15:00-ին, Եռաբլուրում կայանալու է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքների հուղարկավորությունը. հայտնում է Հայկական ժողովրդային շարժման երևանյան գրասենյակը:
«Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը»,- հայտնել են գրասենյակից։
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895թ. Էրզրումում (Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը 1973թ. հունվարի 27-ին 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, ինչից հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։
Յանիկյանը 1973թ. հունիս 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին վատառողջ և ֆիզիկապես տկարացած` բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո` փետրվարի 27-ին, մահացավ հիվանդանոցում։