Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. տեղի ունեցավ նախնական դատական նիստ

Մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը։ Նիստի ընթացքում Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նախ խնդրեց հետաձգել քննությունը, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա մասնակցել գործընթացին։ Պաշտպանն ասաց, որ Գրիգորյանը առողջական խնդիր ունի, որի պատճառով չի մասնակցում նիստին։ Նա նաև միջնորդեց դատարանին արտագնա նիստ անցկացնել և Մանվել Գրիգորյանի փաստարկները լսել «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ նա բուժվում է։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց՝ հիմնավորելով, որ բավարար միջոցներ են ձեռնարկվել Գրիգորյանի մասնակցությունն այսօրվա նիստին ապահովելու համար, բացի այդ դատավորը նշեց, որ Գրիգորյանն իր պաշտպանների միջոցով կարող է տեսակետ հայտնել։

Այնուհետև դատարանն անցավ խափանման միջոցի փոփոխման միջնորդությանը։ Լևոն Բաղդասարյանը իր միջնորդությունը հիմնավորում էր Գրիգորյանի առողջական վիճակով։ Նա հայտնեց, որ իր պաշտպանյալը մի շարք ծանր հիվանդություններ ունի՝ թոքերի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն։

«Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելը դասական խոշտանգման օրինակ է»,- շեշտեց փաստաբանը։

Ըստ մեղադրող կողմի՝ պաշտպանի միջնորդությունը ժամանակավրեպ է և ոչ հիմնավոր. «Վարույթ իրականացնող մարմինը պարզել է, որ Գրիգորյանը կարող է պահվել կալանավայրում։ Նույն հարցադրումներով, ինչ պաշտպանը ներկայացրեց դատարանում, փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն եվրոպական դատարանը դիմումը մերժել է»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատաքննությանը և դիմել փախուստի։

Դատավորը ցանկանում էր գնալ խորհրդակցական սենյակ, երբ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ։ Նա ինքնաբացարկ ներկայացրեց դատավորին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Ավելի ուշ, խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց նաև Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու պաշտպանների միջնորդությունը։

Այսօր Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց, որ դատական նիստերն անցկացվեն դռնփակ կարգով՝ հիմնավորելով, որ քրեական գործում կան ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Մասնավորապես՝ ասաց, որ գործում առկա են գնում զինվորների քանակի և ապրիլյան պատերազմին ԵԿՄ-ի մասնակցության վերաբերյալ քանակային տվյալներ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կողմին հիշեցրեց, որ այսօր քննվում է միայն կալանքի հարց ու նման տվյալներ այս քննության ընթացքում չեն արծարծվելու, ուստի միջնորդության քննությունը հետաձգեց՝ խոստանալով դրան անդրադառնալ բուն գործի քննության ընթացքում։

Նիստին ներկա էր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամրիյանը, նա ևս ներգրավված է այս գործում՝ որպես մեղադրյալ։

Խոսելով՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի վերաբերյալ նա ասաց, որ «շոու է սարքվել»։

«Այդ զենք-զինամթերքը օրինական են։ Շոու սարքելը շատ լավ բան ա, բայց ապացուցելը հետո կերևա՝ դատարանում»,- նշեց Ամիրյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարության՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել