Գառնու տաճարում էլեկտրոնային երաժշտության փառատոն կկազմակերպվի

Կառավարությունը որոշել է թույլատրել մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ 6 մլն դրամի շրջանակում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին և ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության կողմից, որին կկարողանան հետևել միլիոնավոր մարդիկ։ «Cercle»-ն կազմակերպել է մի շարք նման միջոցառումներ աշխարհի տարբեր վայրերում (Էյֆելյան աշտարակ, Գրանդ Պալե, Բրայթոն և այլն)։ Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ը իրականացնում է այսպիսի միջոցառում։ Ստեղծագործության՝ միջոցառման սցենարի հեղինակային իրավունքը գրանցված է։ Հիմնավորման համաձայն՝աշխարհում նկատելի է էլեկտրոնային երաժշտության զարգացման ու տարածման նկատմամբ օրեցօր մեծացող հետաքրքրությունը. տարեց տարի զգացվում են էլեկտրոնային երաժշտության մշակույթի պահանջարկի մեծացման տեմպերը։ Նման լայնածավալ միջոցառումները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը և լավագույն առիթ են հանդիսանում պատմական վայրերի (ամրոցներ, թանգարաններ, գիտական վայրեր) ներկայացման, քարոզչության ու դրանց ճանաչելության բարձրացման համար: Կազմակերպվող էլեկտրոնային երաժշտության փառատոնի հեռարձակման ընթացքում ևս մեկ անգամ հանրահռչակվելու և ուշադրության կենտրոնում է հայտնվելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից, ասում են, որ սա աշխարհի առաջատար փառատոններից մեկն է այս ոլորտի և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտության երկրպագուների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»:

Մեկնաբանել