«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Սամվել Կարապետյանի բանկն ու մերձավորը՝ ընկերության բաժնետեր

Կապի հայաստանյան խոշոր օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավադրված է երեք բանկերում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC), «Արդշինբանկում» և «Ամերիաբանկում»։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018-ի մայիսի 18-ի որոշումից։

«Յուքոմը» փոխկապակցված է Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Գագիկ Խաչատրյանի որդիներից՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության բաժնեմասերի մոտ 12 տոկոսը։ Իսկ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին է պատկանում «Յուքոմի» 24,3 տոկոսը։ Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյաններին պատկանող բոլոր բաժնեմասերը գրավադրված են։

Գրավադրված է նաև «Յուքոմի» մեկ այլ խոշոր մասնակից «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերության 29 տոկոս բաժնեմասը։ Այն գրավադրվել է HSBC-ում։ «Այյու թելեքոմնյունիքեյթը» գրանցված է Կիպրոսում։ «Յուքոմի» համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ևս գրավադրել են իրենց պատկանող 3-ական տոկոս բաժնեմասերը։ Բայց սա «Յուքոմում» վերջին տարիներին եղած միակ փոփոխությունը չէ։ Ընկերությունում եղել են նաև բաժնետերերի նշանակալի փոփոխություններ։

Սամվել Կարապետյանի հետ կապված ընկերությունն ու անձը՝ «Յուքոմում»

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2017-ի դեկտեմբերին «Յուքոմում» բաժնեմասեր է ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» խմբի մեջ մտնող «Ֆորա բանկը»։ 2017-ին «Յուքոմում» «Ֆորա բանկի» բաժնեմասը կազմել է 11,21 տոկոս, իսկ արդեն 2018-ի մայիսին՝ 10,5 տոկոս։ Դեռ 2017-ի ապրիլին «Յուքոմը» հայտարարեց, որ «Ֆորա բանկի» հետ կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում և բանկը ներդրում կկատարի ընկերությունում, որը թույլ կտա ընդլայնել 4play առաջարկներն ու 4G+ ցանցը։

2018-ի մայիսից «Յուքոմի» բաժնետեր է դարձել նաև Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը։ Վերջինս 2007-ին եղել է գյուղատնտեսության փոխնախարար՝ այդ պաշտոնում մնալով ընդամենը չորս ամիս։ 2007-2012-ին Սուրիկ Պողոսյանը ՀՀԿ խմբակցության ցուցակով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից։ Պողոսյանի անունը կարելի է գտնել Սամվել Կարապետյանի հետ կապվող այլ ձեռնարկություններում։ Օրինակ՝ «Տաշիր ինվեստ գրուպում» Պողոսյանը եղել է գլխավոր տնօրեն և ունեցել 10 տոկոս բաժնեմաս։ Ներկայում Սուրիկ Պողոսյանը նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ընդհանուր հարցերով տնօրենն է։ ՀԷՑ-ի սեփականատերը ևս «Տաշիր գրուպն» է։

2018-ի մայիսին Սուրիկ Պողոսյանին է անցել «Յուքոմի» բաժնեմասերի 6,3 տոկոսը։ Պողոսյանն իր բաժնեմասերի 5,5 տոկոսը գրավադրել է երեք բանկերում (HSBC, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ»)։ Եթե համեմատենք 2016-2018 թթ. ընկերությունում բաժնեմասերի տեղաշարժը, կտեսնենք, որ «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությունը, որ «Յուքոմի» 49 տոկոսի բաժնետերն էր, ներկայում տնօրինում է բաժնեմասերի միայն 29 տոկոսը։ Թեև խոշոր ընկերության հիմնադրման առաջին իսկ օրերից խոսվում էր, որ ընկերության բաժնետոմսերի գերակշիռ մասը տնօրինվում է Գագիկ Խաչատրյանի որդիների կողմից, վերջիններս ընկերության բաժնետերերի մեջ ընդգրկվել են միայն 2017-ին։ Խաչատրյանի հորեղբոր որդու՝ Արամ Խաչատրյանի բաժնեմասերի մի մասը անցել է Արտյոմ, իսկ մի մասը՝ Գուրգեն Խաչատրյանին՝ յուրաքանչյուրին ավելի քան 12 տոկոսի չափով։

Նվազել են նաև Հայկ և Ալեքսնադր Եսայանների բաժնեմասերը։ Եթե երկուսն էլ առանձին-առանձին տիրապետում էին կապի օպերատորի բաժնետոմսերի 5 տոկոսին, ապա 2018-ի մայիսին նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասերը կազմել են 3 տոկոս։

«Եթե եղել է գրավադրում, եղել է կապիտալ ներդրումների համար»

Սիվիլնեթը ընկերության բաժնետերերի ու բաժնեմասերի գրավադրման վերաբերյալ մի քանի հարց է ուղղել ընկերության տնօրեն ու բաժնետեր Հայկ Եսայանին.

– Պարոն Եսայան, ՀԾԿՀ-ն 2018թ․ մայիսի 16-ի որոշումից հետևում է, որ «Յուքոմի» բաժնեմասերի 89 տոկոսը գրավադրված է երեք բանկերում։

– Եթե չեմ սխալվում, մենք անցյալ տարի գրավադրման որոշում չենք ունեցել։ Եթե եղել է, եղել է կապիտալ ներդրումների համար՝ ինչ ֆինանսական ռեսուրս վարկային միջոցներով ունենք ներգրաված, դա կապիտալ ներդրում է։

– 2018-ին դուք գրավադրում չե՞ք իրականացրել։

– Չեմ կարող ասել, դուք հիմա հարց եք տալիս, որին ես պատրաստ չեմ։

– Բաժնետերերի փոփոխություններ կա՞ն ընկերությունում։ Ու՞մ բաժնեմասերից են անցել Սուրիկ Պողոսյանին։

– Բաժնետերերի ինչ փոփոխություն եղել է, դա կարելի է գտնել ՀԾԿՀ կայքում։ Դուք կարող եք դիմել և բոլոր տեղեկատվությունը պաշտոնապես ստանալ։ Այո՛, Սուրիկ Պողոսյանը ներդրում է կատարում ընկերությունում և կլինի բաժնետեր։

– ՀԾԿՀ որոշումից երևում է, որ «Յուքոմի» 89 տոկոսը գրավադրված է։

– Հիմա հարցեր եք տալիս, որին…. մենք կպատասխանենք ձեզ։

***

«Յուքոմը» Հայաստանում կապի խոշոր խաղացողներից է։ Այս ընկերությունը 2015-ին կլանեց «Օրանժ Արմենիա» ընկերությանը։ 2017-ի դրությամբ «Յուքոմի» լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել էր 92 000-ը։ 2017-ի երրորդ եռամսյակի դրությամբ՝ ընկերության շարժական ինտերնետից օգտվում էր մոտ 430 000 մարդ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել