Քոչարյանի և մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Մարտի 1-ի գործից անջատված մասով դատավոր Վարդան Գրիգորյանը մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ու հրաժարվել գործը քննելուց։ Քրեական գործում ներգրավված են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին էր մակագրվել ապրիլի 29-ին։

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ «ինքնաբացարկի պատճառը այս պահին հայտնի չէ, գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման»։

Վարդան Լևոնի Գրիգորյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստացել է ամիսներ առաջ՝ 2018թ․ նոյեմբերի 14-ին։ Հայաստանի դատական իշխանության կայքում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը ծնվել է Երևանում՝ 1979-ին, 2000-2014-ը եղել է փաստաբան, ընդ որում՝ 2007-2014-ին աշխատել է որպես հանրային պաշտպան։ Չի բացառվում, որ այս հանգամանքն էլ նրա ինքնաբացարկի հիմք է հանդիսացել, քանի որ Գրիգորյանը որպես հանրային պաշտպան աշխատել է Քոչարյանի գործող փաստաբան Ռուբեն Սահակյանի ղեկավարած կառույցում։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը բացառիկ է այն առումով, որ առաջին անգամ ամբաստանյալի աթոռին է նստելու ՀՀ պաշտոնաթող նախագահը։ Այս գործում վկայի կարգավիճակում ներգրավված են ՀՀ երեք նախկին նախագահները։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը, 2008-ին «այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը»։ Բացի այդ, քրեական գործում խոսք կա նաև կաշառքի մասին, նշվում է, որ Քոչարյանը 2008թ․ փետրվարին և մայիսին ստացել է 3 մլն դոլարի կաշառք (927 մլն դրամ):

Հրապարակվել են Քոչարյանի և մյուսների գործերով մեղադրական եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ գործը քաղաքական հետապնդման արդյունք է։ 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո տասը տարի քրեական գործը քննվում էր, սակայն շոշափելի արդյունքներ չէին արձանագրվել, միայն 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո այն տեղից շարժվեց, ու քրեական գործում ներգրավվեցին բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է ներկայացվել նաև Սեյրան Օհանյանին, որը 2008թ․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր; Յուրի Խաչատուրովին, որը 2008թ․ պաշտպանության նախարարի տեղակալն էր և ՊՆ Երևանի կայազորի պետը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով «օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը»։ Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանը ևս ստացել է կաշառք՝ 2008թ․ ապրիլին՝ 309 մլն դրամին համարժեք 1 մլն դոլարի չափով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել