Արսեն Ջուլֆալակյանը հերքում է, որ հոր հետ ծեծի են ենթարկել 63-ամյա քաղաքացու

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սերգեյ Մխիթարյան անունով 63-ամյա քաղաքացին վնասվածքներով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հայտարարելով, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի կողմից։ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տեղեկությունը։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ։ Տնօրեն Միքայել Մանուկյանը հաղորդեց, որ Սերգեյ Մխիթարյանը երեկ՝ մայիսի 5-ին, դիմել է բժշկական կենտրոն, ստացել բուժօգնություն և դուրս գրվել մեկ ժամվա ընթացքում։ Թե ինչ վնասվածքներ է ստացել քաղաքացին, ԲԿ տնօրենը հրաժարվեց հայտնել։ ԲԿ-ն դիմել է ոստիկանություն, որտեղ ընթանում է նախաքննություն։

Ոստիկանությունից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ նշված դեպքի առիթով հաղորդում ստացել են, և հանգամանքները պարզվում են։

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Արսեն Ջուլֆալակյանը մասնավորապես նշում է, որ Սերգեյ Մխիթարյանը իրենց հետ համատեղ սրճարանի համասեփականատեր է, վերջինիս հետ հանդիպել են գործնական հարցերի քննարկման համար, սակայն հանդիպումն անցել է «սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել