Համահարթ կոմպրոմիս

Դավիթ Հովհաննիսյան

Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտում քննարկվող ամենագաղափարական թեմաներից մեկը եկամտային հարկի համահարթ հարկումն է: Կառավարությունը պնդում է, որ համահարթ՝ այսինքն բոլորի աշխատավարձից նույն տոկոսով հարկումը խրախուսում է բարձր որակավորում ունեցող աշխատանքը և բարձր աշխատավարձը, կրճատում է ստվերի ռիսկերը: Մինչդեռ «ձախական» ուղղության գործիչները հավաստիացնում են, որ դա բերելու է սոցիալական անարդարության, սոցիալական բևեռացման մեծացման, աղքատների ավելի աղքատացման և այլն:

Թվում է, թե այս բանավեճում բերվել են բոլոր փաստարկները, և կողմերը մնացել են իրենց դիրքերի վրա՝ այդպես էլ չհամոզելով մյուս կողմին: Ի վերջո բանավեճն ավելի շատ գաղափարական դաշտում է, քան հաշվարկների ու փաստարկների. հենց դա էլ դժվարացնում է կողմերի տեսակետների «համահարթեցումը»:

Մենք կարծում ենք, որ կոմպրոմիսային լուծումներ միշտ կարելի է գտնել. և այս հոդվածի նպատակը այդպիսի մի լուծում առաջարկելն է:

Հարկային օրենսգրքի ներկայիս նախագծով առաջարկվում է սահմանել 23% եկամտային հարկ անկախ աշխատավարձի չափից, իսկ մինչև 2020թ. տոկոսը իջեցնել մինչև 20-ի:
Որպես կոմպրոմիսային լուծում կարող է դիտարկվել հետևալ տարբերակը. պահպանելով 2023թ. բոլորի համար հավասար 20% դրույքաչափը՝ այս պահին մինչև որոշակի սահման, օրինակ մինչև 120 000 դրամ աշխատավարձի դեպքում (թիվը կարող է այլ լինել), արդեն իսկ սահմանել 20%, իսկ 120 000-ից բարձրի դեպքում՝ նախապես սահմանված 23%-ը: Սա անշուշտ կառաջացնի բյուջեի եկամուտների որոշակի կորուստ, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ ստվերի դեմ պայքարը և բիզնեսի զարգացումը մոտակա ամիսներին կարող է հանգեցնել մի քանի հազար նոր աշխատատեղի: Այս կորուստը լրացնելու նպատակով առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի այսօրվա գործող շեմը 55 000 դրամից բարձրացնել առնվազն 20 000 դրամով և դարձնլ 75 000դրամ:

Այս փոփոխությունը կլուծի մի քանի խնդիր․

– կկոմպենսացնի եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումից պակասող հարկերը;

– կկրճատի ստվերը, որովհետև հայտնի իրողություն է, որ իրականում 55 000 դրամ գրանցված աշխատավարձ ստացողների ճնշող մեծամասնությունը իրականում ստանում է ավելի բարձր աշխատավարձ, պարզապես տնտեսվարողները ձևակերպում են 55 000դ՝ ավելի քիչ հարկեր տալու նկատառումով;

– վերջապես որոշ չափով կլուծի կամ կմեղմացնի ծայրագույն սոցիալական պայմաններում գտնվող հազարավոր մարդկանց խնդիրը, որովհետև այնուամենայնիվ շատերը դեռ շարունակում են ստանալ հենց գործող նվազագույն աշխատավարձի չափով գումար, որն այսօր բավարար չէ նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղը լրացնելու համար։

Բարձր և ցածր աշխատավարձ ստացողների տարբերակման մի գործիք էլ կարող է լինել կուտակային կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվող գումարների այսօրվա 7,5%/2,5% համամասնության պահպանումը 120 000 դրամից ցածր աշխատավարձ ստացողների համար և 5/5% համամասնության վերականգնումը դրանից բարձր ստացողների համար:

Տե՛ս նաև՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները․ բախվող մոտեցումներ

Անքակտելի ճշմարտություն է, որ ազատ մրցակցության խրախուսումը, հավասար պայմանները և հարկային քաղաքականության լիբերալացումը երկարաժամկետ կտրվածքով բերելու է տնտեսական թռիչքի, մարդկանց եկամուտների աճի, աշխատավարձերի բարձացման: Բայց դրան զուգահեռ չպետք է անտեսել կառավարության սոցիալական պատասխանատվության կարևորությունը:

Լավագույն և խելացի քաղաքականությունը տնտեսական աճի, բարձր աշխատավարձերի և բարձր որակավորման մասնագետների ու աշխատատեղերի խթանումն է որպես քաղաքականության ելակետներ ընդունելով նաև սոցիալական երաշխիքների ապահովումը, հասարակական համակեցության կանոնները և սոցիալական համերաշխությունը, էկոլոգիական հիմնախնդիրները և կայուն զարգացման մյուս բաղադրիչները: Որպես այդպիսի քաղաքականության ցայտուն դրսևորում կարող է լինել օրինակ մետրոն անվճար դարձնելու որոշումը, իսկ մետրոյի պահպանման ծախսերը հոգալ մեքենաների գույքահարկերի, բնապահպանական վճարների, մեքենաների կայանատեղիների վճարների, բենզինի ակցիզային հարկի բարձրացման միջոցով: Սա հրաշալի օրինակ կարող է լինել թե ինչպես կարելի է միաժամանակ լուծել քաղաքի տրանսպորտային և էկոլոգիական խնդիրները՝ նվազեցնելով ճանապարհների ծանրաբեռնվածությունն ու օդի աղտոտվածությունը և թեթևացնել ցածր եկամուտ ունեցող խավի սոցիալական բեռը:

Հուսով եմ՝ այս հոդվածը կարող է իր համեստ ներդրումը ունենալ ամիսներ շարունակ տևող բանավեճի լուծման, ինչպես նաև Հայաստանում խելացի և հավասարակաշռված քաղաքականության իրականացման գործընթացում:

***

Դավիթ Հովհաննիսյանը տնտեսագետ է, Զարգացման միասնական նախաձեռնություն (MIND) ՀԿ նախագահը։

Մեկնաբանել