Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու ամրություն:

Խնդրում եմ այս ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:

***

Մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ թռչող SSJ-100 մարդատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան չորս տասնյակ մարդ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռին կայծակ է հարվածել, կապը կորել է, որից հետո այն արտակարգ վայրէջք է կատարել ու հրդեհվել «Շերեմետևո» օդանավակայանում։

Մեկնաբանել