Ծառուկյանը մանդատից կհրաժարվի այն ժամանակ, «երբ իր պատկերացրած երկիրը ունենանք»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ մանդատից հրաժարվել, և կհրաժարվի այն ժամանակ, «երբ իր պատկերացրած երկիրը ունենանք, որտեղ բոլորի դեմքին ժպիտ կլինի»․ այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

Արձագանքելով դիտարկմանը, որ այսօր բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա, Ծառուկյանն ասաց, որ պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, հավատ, որովհետև «ցանկացած ծրագիր, ներդրում նայում ա ծանոթությանը, վստահությանը»։

Խոսելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իրեն ուղղված հայտարարության մասին՝ ԲՀԿ ղեկավարը նկատեց, որ իր պատասխանում և քաղաքական, և իրավական լիարժեք պատասխանը բարձր մակարդակով ներկայացված է։

«Ես նորից եմ ասում՝ այսպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին, ներդրմանը,- ասաց Ծառուկյանը։- Ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի, հավատք ունենա»։ Ծառուկյանն այդ կարգի խոսակցությունները որակեց «մանր-մունր»։

Հարցին՝ պատգամավորների մոտ կասկածներ առաջացան, թե Ծառուկյանը բիզնեսով է զբաղվում, վերջինս պատասխանեց, որ դրանք կասկածներ չեն, այլ նախանձ․ «Դա կասկած չի, դա նախանձն ա, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել, գալիս են, ուզում են Ծառուկյանի հետ անեն։ Ես ինչ անեմ, որ ներդրողները գնում են տարածք, ժողովուրդը չի թողում, ասում են՝ ոչ, անցյալ տարի մեզ խաբել են, ասում են՝ Ծառուկյանի հետ ենք, թող գա, ես գնում եմ, ասում եմ՝ մեր գործընկերներն են, ես գործընկեր եմ, ասում են՝ չէ, Ծառուկյան ջան, քո խոսքը պետք ա լինի, ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ։ Իսկ տվյալ խոսացողները ոչ հարևանին օգնած կան, ոչ երկրին։ Ես դաժե գիտեմ՝ մյուս քայլը ինչ են անելու»։

***

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է գլխավոր դատախազին և Աժ նախագահին՝ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով:

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ առաջնորդի դեմ հաղորդմանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր գրությամբ մտահոգություն է հայտնել ԲՀԿ առաջնորդի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ և հորդորել հրապարակային պարզաբանումներ ներկայացնել:

Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում և պատգամավոր դառնալուն պես տարբեր ընկերություններում իրեն պատկանող բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել