Երկու ընկերություն հարկային արտոնություն ստացավ

Կառավարության մայիսի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում երկու ընկերություն ստացավ հարկային արտոնություն։

Ընկերություններից մեկը «Գրին ֆուդ» ՍՊԸ-ն է, որի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։

Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,876 մլրդ դրամի կապիտալ ներդրում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,88 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 94 մլն դրամ:

«Գրին ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին։ Ունի երկու բաժնետեր՝ Արտաշես Սերյոժայի Ավետիսյանը և Վարդուհի Ֆերդինանտի Ֆեսչյանը։ Արտաշես Ավետիսյանը 2009-2014 թթ․ եղել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Վարդուհի Ֆեսչյանը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական՝ Կարապետ Վարդանյանի կինն է։

Հաջորդ ընկերությունը «Նյուպլաստ» ՓԲԸ-ն է, որի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 3 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 245 մլն դրամի ներդրում սարքավորումների և hումքի ձեռքբերման համար:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4,21 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 273 մլն դրամ:

«Նյուպլաստ» ՓԲԸ-ն հարկային արտոնություն էր ստացել նաև 2017-ին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք՝ կրկին կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման համար:

Անի Գրիգորյան