Մայիսի 8-ին Սիրիայի հայաբնակ Քեսապ գյուղում 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է արաբ գրող, հայագետ և թարգմանիչ Նիզար Խալիլին։
Նիզար Խալիլին ծնվել է 1925-ին Հալեպում (Սիրիա)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութում։
1943-1946 թվականներին աշխատել է Հալեպի Նոր Գյուղ Հայկական թաղամասի Զավարյան վարժարանում՝ որպես արաբերենի ուսուցիչ։
Հայերենի մեջ հմտացել է մանկավարժական աշխատանքի ընթացքում։ Ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, մասնավորապես՝ գեղարվեստական գրականությունը։ Քանիցս այցելել է Հայաստան։
Խալիլին հայ մշակույթին, հայ-արաբական գրական առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Նրա թարգմանությամբ արաբերեն առանձին գրքույկներով հրատարակվել են Հովհաննես Թումանյանի, Գրիգոր Զոհրապի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները։ Խալիլին հայերեն է թարգմանել արաբ հեղինակների գործերից։ Գրել է նաև հայերեն բանաստեղծություններ։
Առաջինն անգամ արաբերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը։
Ռիթա Մանճիկեան
ՍիվիլՆեթի հարցազրույցը Նիզար Խալիլիի հետ , ապրիլ 24, 2012