Տպավորված եմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով. Լյուքսեմբուրգի վարչապետ

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, հանդիպել է այդ երկրի վարչապետ Քսավյե Բեթելի հետ:

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընլայնումը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառումանը:

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը:

Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:

Թաթուլ Հակոբյան, Լյուքսեմբուրգ

Մեկնաբանել