Մանվել Գրիգորյանը ներկա է իր գործով դատական նիստին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 13-ին մեկնարկեց Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, գործով դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը։

Նիստի մեկնարկին Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի այսօրվա դատական նիստը չլուսատեսանկարահանվի լրատվամիջոցների կողմից։ Պաշտպանը այս միջնորդությունը պայմանավորեց Գրիգորյանի առողջական վիճակով։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ արգելելով նիստի ընթացքում տեսանկարահանումն և լուսանկարահանումը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները լքեցին դահլիճը։ Նիստը կշարունակվի դռնփակ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանավորվել էր 2018-ի հունիսին։

Դեկտեմբերին նա ազատ արձակվեց՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ 2019թ․ հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել